Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/560

Այս էջը հաստատված է

Նույնը նկատում ենք քննելով Բաբազյանի թարգմանությանը վերաբերող գրախոսությունը։ Այստեղ բացի թարգմանական արվեստի մասին հայտնած խոր և տարողունակ կարծիքից, որին նա հանգում է համադրելով երկու թարգմանությունները, Թումանյանը համակողմանի բնութագրում է նաև անգլիացի հանճարեղ գրողին, որը «դարձել Է մի չափ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար»։

Մեծարանքի և հիացմունքի նման խոսքեր Թումանյանն արտահայտել Է «Համաշխարհային գրական տոնը» (1916) հոդվածում և հրապարակային ելույթներում։ Օրինակ՝ Հայ գրողների ընկերության՝ Շեքսպիրի և Սերվանտեսի մահվան 300-ամյա հոբելյանին նվիրված երեկույթի բացման խոսքում ասել է. «Գերազանց է բրիտանական հանճարի փայլը, որ իր ճաճանչները մի կողմից զարկում է մինչև էսքիլեսի ու Սոֆոկլեսի ժամանակները, մյուս կողմից դեպի գրականության ապագան։ Եվ ամեն մի գրող, ինչ աշխարհքում էլ ասպարեզ իջնի, տեսնում է իր ուղին արդեն լուսավորված նրա շողերով, և գրեթե անխտիր, շատ քիչ բացառությամբ, ամենքն էլ խոնարհել են նրա հանճարի առջև»։

Թումանյանը հայ գրականությունը չի պատկերացնում համաշխարհային գրականության զարգացման շղթայից դուրս։ Այն, որ ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը նա քննում է Օմար Խայամի ու Արևելքի այլ բանաստեղծների ստեղծագործությունների զուգորդությամբ, այն, որ ընդհանուր տեղիներ է նկատում Սայաթ-Նովայի տաղերի ու Շեքսպիրի սոնետների մեջ, ոչ այլ ինչ է, քան համաշխարհային գրականությունը մեկ ընդհանուր քաղաքակրթության արտահայտություն համարելու արդյունք։ Ահա թե ինչու նրան խորապես սիրելի են ոչ միայն «Կովկասի մեծ որդեգիրները»՝ Պուշկինը, Գրիբոյեդովն և Լերմոնտովը, ոչ միայն վրաց դասականները, որպես իր հարազատ երկրի զավակներ, այլև երեք հարյուր տարի առաջ իրենց մահկանացուն կնքած անգլիացի Շեքսպիրն ու իսպանացի Սերվանտեսը, Բայրոնն ու Գյոթեն, Շելլին ու լեհ Սենկևիչը, Տոլստոյն ու համաշխարհային արձակի մյուս վարպետները։

Համեմատական գրականագիտության մեթոդը սիրելի է Թումանյանին։ Նա այդ մեթոդով է առաջնորդվում վերը հիշատակված բացման խոսքում բնութագրելով XVII դարի առաջին տասնամյակների Անգլիայի և Իսպանիայի իրավիճակն ու երկու հանճարների ստեղծագործությունները, որպես համամարդկային գաղափարների և բարձր արվեստի անհասանելի գագաթներ։

Այս շարքում ամենափայլուններից մեկն էլ «Կովկասի մեծ որդեգիրը» (1914) հոդվածն է, որտեղ նա համադրում է Պուշկինին և Լերմոնտովին՝ ռուսական քնարերգության երկու ամենապայծառ աստղերին՝ իրենց իսկ տողերով բացահայտում նրանց բանաստեղծական կերպարները, իր կողմից տալով երկու բանաստեղծների և տխուր իրականության պատկերավոր ու խոր բնութագրումներ. «Մինը,— գրում է նա,— եղավ որպես ջինջ երկնակամարի վրա թափառող միայնակ մի ամպ, մյուսը՝ որպես ծովի ընդարձակության վրա, կապույտ մշուշի մեջ հածող միայնակ մի նավ»։ Այնուհետև