Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/561

Այս էջը հաստատված է

խոսում է նրանց «տարօրինակ» հայրենասիրության մասին, այն մասին, որ Լերմոնտովի սրտում «ուրախության ոչ մի զգացմունք» չեն՝ շարժել «ո՛չ արյունով գնած փառքը, ո՛չ գոռոզ ինքնավստահությունով լիքը հանգիստը, ո՛չ խավար անցյալի նվիրական ավանդները։ Իսկ էն «տարօրինակ» սերը, որով սիրում էր, և որը չէր մկրտում ոչ մի անունով, սակայն շռայլորեն փռում էր իր երկերում ու երգերում, ո՛չ հասկացող կար ո՛չ գնահատող։ Կյանքի ասպարեզը բռնած էին կամ ոչնչությունները և կամ նրանք, որոնց մասին ասում է՝ «իրենց սրիկայի սիրտը ծածկած էին, մունդիրով»։ Հասկացող, գնահատող հասարակություն չկար և «տարօրինակին» հազարավոր աչքերով հետապնդում, հազարավոր ձեռքերով մերժում, քշում էին իրենց շրջանից։ Մի շրջան, որից Պուշկինն ուզում էր մինչև Չինաստան մին փախչի, որից զզված Գրիբոյեդովը Պարսկաստան ընկավ»։

Համաշխարհային դասականների նկատմամբ հայ մեծ գրողի վերաբերմունքը պարզելու տեսակետից հետաքրքիր են նաև «Լ. Ն. Տոլստոյի մահվան առթիվ» և «Լև Տոլստոյ» հոդվածները՝ երկուսն էլ գրված 1910 թվականին։ Սրանցում Թումանյանն ուշադրություն է հրավիրում սոցիալական անարդարության դեմ ռուս մեծ գրողի ընդվզման վրա և, ինչպես իր ժամանակակիցներից շատերը, չի նկատում նրա ուսմունքի՝ «տոլստոյականության» ուտոպիականությունը։

Այս երկու հոդվածները միմյանց հետ բաղդատելիս աչքի է ընկնում Թումանյանի զարմանալի նրբանկատությունը ընթերցողի հանդեպ։ Առաջինը հասցեագրված է տարեց ու փորձառու ընթերցողներին և այդ պատճառով գրված ոգեշունչ և փոքր-ինչ վերամբարձ մահախոսականի ոճով. «Ընկավ ռուսական վիթխարի հանճարը ու մահվան բոթից թնգում է լայնածավալ Ռուսաստանը մի ծայրից մինչև մյուսը...» և այլն։ Երկրորդը ուղղված է մանուկներին և տպագրվել է «Հասկեր» հանդեսում, Տոլստոյի «Պառավ ձին» պատմվածքի հետ, որ թարգմանել էր ինքը՝ Թումանյանը: Այստեղ նրա ոճը պատմողական է, պարզ, մատչելի ու գորովալից. «Մեծացավ, կյանք մտավ, տեսավ իրենց կալվածքից հեռու ամեն տեղ... մարդիկ՛ իրար զրկում են, տանջում են, հալածում են, կոտորում են։ Ու ատեց Տոլստոյը շռայլ կյանքը, ատեց բարձր դիրքը, սկսեց գրել, գրել իր ամբողջ կյանքում, գրել ու քարոզել, որ մարդիկ իրար չզրկեն, չհալածեն, չկոտորեն, այլ հաշտ ու խաղաղ ապրեն»։

***

Լեզվական պրոբլեմները՝ սկսած ուղղագրությունից ու քերականական կանոններից, մինչև հայոց լեզվի միջազգային կապերը, անընդհատ զբաղեցրել են Թումանյանին։ Ընդ որում՝ նա հավասարապես աչքի առաջ է ունեցել գրաբարը, աշխարհաբարը՝ իր երկու թևերով, բարբառները, բանավոր, գրավոր խոսքը, գեղարվեստական գրականության լեզուն, մամուլի լեզուն և այլն, և այս բոլորը փոխադարձ առնչությունների մեջ, իրենց