Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/562

Այս էջը հաստատված է

օրինաչափություններով ու առանձնահատկություններով՝ կապված կոնկրետ միջավայրի և ժամանակի պահանջների հետ։

Թումանյանը չի ներում անգամ լեզվական ամենափոքր սխալները։ Նա դրանց անդրադառնում է հատկապես դասագրքերի և օտար լեզուներից կատարված թարգմանությունների կապակցությամբ։ Այս առումով ուշագրավ են «Համլետի չարչարանքի շաբաթը Թիֆլիսում» (1910), «Ուղղած «Վերք Հայաստանին» (1910), «Մի երկու բառ հայոց Էպոսից» (1916), «Поэзия Армении» գրքի երկրորդ տպագրության առթիվ» (1917), «Հայերեն գավառական բառարան» (1917) և այլ հոդվածներ ու ելույթներ։ Առհասարակ նա նախանձախնդիր է հայերենի «ճշգրտության», մասնավորապես երբ խոսքը վերաբերում է թարգմանություններին։ Նա դեմ է բառացի թարգմանության, բայց և չի հանդուրժում ապիկար թարգմանիչների այն «ազատությունը», որին զոհ են գնում թարգմանվող երկերի կարևոր մտքերը, գեղարվեստական նրբերանգները։ Նա պահանջում Է հոմանիշ բառերից ընտրել ամենահարմարները՝ հեղինակի միտքն առավել ճշտությամբ և առավել հայացի արտահայտելու համար։ Այս պահանջները լավագույնս ներկայացվում են «Համլետի» ռուսերեն և հայերեն բեմադրություններին նվիրված հոդվածում։ «Հայերը,— գրում է նա,— չէին գրել, թե ում թարգմանությունն են խաղում, բայց երևում էր, որ ռուսերենից արած մի թարգմանություն էր, և էն էլ անհաջող թարգմանություն»։ Այնուհետև բերում է լեզվաոճական սխալների օրինակներ. «Ասում են՝ «որքան բարեծնունդ արարած է մարդը», փոխանակ ասելու՝ «ազնիվ արարած»... «Փոխանակ էնեաս ասելու, ասում են էննե, փոխանակ Պյուռոսի — Պիրուս, փոխանակ կախարդի — սքանչելագործ, հին ասելու տեղ — ասում են առաջնակարգ, մահվան քնի մեջ — ասում են մեռյալ քնի մեջ...» և այլն։

Նա չի ներում, երբ «խմբագրում», «մշակում» են ժողովրդական մտածողությունը՝ ըստ ժամանակակից «կուլտուրական» խոսվածքի։ Այս տեսակետից չափազանց ուսանելի են նրա դիտողությունները «Աբովյանի «Վերքի» Բաքվի հրատարակության մեջ թույլ տրված մի շարք սխալների մասին (մյուսները սոսկ վրիպակներ են)։ «Կես սհաթ չքաշեց», որ դարձել է «կես սհաթ անց չքաշեց», «էսքան բանն անց էր կացել», որ դարձել է «էս բանն անց էր կացել» և այլն։

Այստեղից մոտենում ենք լեզվի «մաքրության» հարցին, որը շատ կարևոր է Թումանյանի համար։ Դրա համար էլ նա այն շոշափում է բազմաթիվ հոդվածներում՝ աչքի առաջ ունենալով թե գրավոր և թե բանավոր լեզուն։ Ի՞նչ է նշանակում մաքուր լեզու, ո՞ր փոխառություններից պիտի հրաժարվել և, ընդհակառակը, մի հարկի տակ ապրելով տարրեր ժողովուրդների հետ, ինչպիսի՞ լեզվական փոխառություններ պիտի անել հայոց լեզուն կենդանի և ճկուն պահելու համար։ Այս հարցերին է ծառայում «Լեզվական փոխառությունները» (1910) հոդվածը՝ ուղղված մի կողմից լեզվական սահմանափակության, մյուս կողմից անհարկի օտարաբանությունների դեմ։ Մեջ բերելով մի քանի տասնյակ «մաքուր» հայկական բառեր (նավ, նուռ, մեգ, մեխ, նահապետ, մոմ, կիր, կարիք, կերպաս,