Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/563

Այս էջը հաստատված է

Հարս, տարազ, դայակ և այլն) և ակնտրկելով դրանց օտար ծագումը, Թումանյանը գրում է. «Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում, նորանոր գաղափարների հետ նորանոր ոճեր ու բառեր է ընդունում»։ Այնուհետև մեջ բերելով վերջին շրջանում հայ լեզվին հարազատացած օտար բառեր (ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա, օպերա, զիգզագ, պրոպագանդ), անում է միանգամայն ճիշտ եզրահանգում. «Թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոխառությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ գեղեցիկ, էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը» Մյուս կողմից նա չի մերժում օտար բառերի փոխարենը հայերեն հաջողված թարգմանությունների օգտագործումը։ «Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեք — ինչ խոսք։ Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, տելեֆոնին հեռախոս ասացեք, տելեգրաֆին հեռագիր կամ վելոսիպեդին հեծանիվ, բայց հո չի կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, էքսպրոպրիատորը ճողոպրիստ, ինչպես արել են մեր պոլսահայերը, տրամվայը քարշակ...» և այլն։

նույն հարցերին է նվիրված նաև «Վռազ պատասխան պ. Ա. Մեղրյանին» (1910) հոդվածը։

Մյուս հարցը, որ անմիջականորեն կապվում է հայոց լեզվի զարգացման հեռանկարների հետ, լեզվի զանազան «տեսակների» փոխազդեցությունների խնդիրն է» Ո՞րն է զարգացման ճշգրիտ ճանապարհը, արդյոք լրագրական չոր ու ցամաք լեզուն, գրաբարի շտեմարանը, թե գուցե բարբառների անհատնելի հարստությունը, որով կենդանի է ժողովրդի բանավոր խոսքը։ Այս հարցին է նվիրված «Լեզվական փոխառությունները» հոդվածի վերջին պարբերությունը, սակայն այս տեսակետից ավելի տարողունակ են «Մի երկու, խորհուրդ մեր գավառական մամուլին» (1910), «Հայոց գրական լեզվի խնդիրը» (1916) և մի քանի այլ հոդվածներ, որոնցում գրաբարը դիտելով որպես ժամանակակից աշխարհաբարի աղբյուրներից մեկը, այնուամենայնիվ ամենակարևոր աղբյուրը համարում է ժողովրդի լեզուն՝ բարբառները։ Նա գավառական մամուլին պատգամներ է տալիս, որոնցից առաջինը բարբառների վրա հենվելու կարևորությունն է։ «Բարբառներից ամեն մինը,— գրում է նա,— ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն։ Սա դեռ չի կազմակերպված և չի կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը»։

1916 թվականին արդեն լիովին ձևավորվել էին Թումանյանի լեզվական հայացքները։ Զանազան առիթներով նա արդեն հայտնել էր իր .կարծիքը և՛ գրաբարի, և՛ երկու գրական լեզուների, և՛ բարբառների, և՛