Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/569

Այս էջը հաստատված է

հաստատություններ և դառնալ բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ, ուսուցիչներ, ճարտարապետներ և այլն։ Նա այս միտքն անց է կացնում՛ «ճեմարանի և թեմական դպրոցների մասին Գր. Չալխուշյանի առաջարկը», «Հիմնավոր մեղադրանք» և «Պ. Գր. Չալխուշյանի երկու խոսքի դեմ» հոդվածներում՝ գրված 1911 թ., ի պատասխան 1911 թ, հունվարի 3-ին «Մշակում» Չալխուշյանի տպագրած հոդվածի, որտեղ առաջարկվում է կամ փակել թեմական դպրոցները և ճեմարանը, կամ ուսանելու համար ընդունել միայն նրանց, ովքեր ձգտում են հոգևոր կոչման։ Թումանյանն այս առաջարկությունն անվանում է «խավարամիտ», «անհեթեթ», «միջնադարյան» և դրան հակադրում ժամանակակից աշխարհիկ դպրոցի պահանջը։ Բնական գիտությունների ուսուցումը նրա համար եղել է ժամանակակից դպրոցի առաջնահերթ խնդիրներից մեկը։ Ավելին, ինչպես երեվում է «Մանուկ» ընկերության խաղերի մասին 1915 թ. հրատարակած «Ազդից» աշխարհագրությունը, հանքաբանությունը, բնագիտությունը, տիեզերագիտությունը և այլն, նա ցանկացել է մտցնել նաև արտադասարանական ուսուցման ծրագրի մեջ, «որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը։ Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի առողջ ու բովանդակալի»։

***

Պատմությունը մեծ տեղ է գրավում Թումանյանի հրապարակախոսական ժառանգության մեջ և ըստ մեծի մասին ուղղված է ժողովրդի ինքնության գաղափարը յուրաքանչյուր հայի սրտում արմատավորելու նպատակին։ Պատահական չէ, որ նա գոհունակությամբ է դիմավորում պատմական փաստաթղթերի այն ժողովածուները, որ պարբերաբար հրատարակում էր Գյուտ քահանա Աղանյանը, «Նոր դիվանի առիթով» (1915) հոդվածում նա ներկայացնում է Աղանյանի «Հայոց պատմության» հերթական տասներեքերորդ հատորի վավերագրերը, որոնք պարունակում են 1801-1888 թթ. Տաճկաստանում տեղի ունեցած հարստահարությունների զարհուրելի փաստեր և անելանելի վիճակը, որը հայությանն ստիպել է հուսահատ ճիգերի դիմել «ազատվելու տաճկական կառավարությունից, Տաճկաստան դժոխքից ինչ ձևով էլ ուզում է լինի, ուր ուզում է լինի»։ Նա մեջ է բերում մի հատված Մշո հայության դիմումից՝ ուղղված Կ. Պոլսի պատրիարքին և ազգային վարչությանը, որից երևում է, որ հուսահատ ժողովուրդը իր փրկությունն ակնկալում է միայն քրիստոնյա Ռուսաստանից։

«Հայոց պատմություն» հոդվածում, գրված 1912 թ., հայ տպագրության չորսհարյուրամյակի առթիվ, Թումանյանը մի քանի բառով ձևակերպում է հայոց պատմության անհրաժեշտությունը. «Վաղուց է,— գրում է. նա,— որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը: Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում թե՝ հայ ժողովուրդը չունի և չգիտե իր պատմությունը, նույնիսկ