Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/57

Այս էջը հաստատված է

Պետք է ասել, որ այդ գրքին նախընթաց մի ավետավոր լուր էր պտտում Թիֆլիսի գրականական շրջաններում, թե՝ Շեքսպիրի մի տաղանդավոր թարգմանիչ է դուրս եկել, և անհամբեր սպասում էին գրքի լույս տեսնելուն։ Լույս տեսավ գիրքը և հիրավի, մի շատ սրտալի ընդունելություն գտավ թե մամուլի և թե ընթերցողների կողմից. նրան համեմատեցին մեր ամենալավ թարգմանությունների հետ, իբրև օրինակ առաջարկեցին։

Ես էլ այդ գրքին սրտատրոփ դիմավորողներից մեկն էի։ Սրտատրոփ ասացի, որովհետև առաջուց շատ էին գովել թարգմանչի տաղանդը, հրատարակող ընկերությունը ձեռագիրը քննել էր հմուտ մարդկանց ձեռքով, համեմատել էր բնագրի հետ, վերջապես այդ մի թարգմանչի աշխատանք էր, որ անգլերեն բնագրից մեզ տալու էր ամբողջ Շեքսպիրը հայերեն, մի շատ նշանավոր գործ, որ այսքան եռանդով հետզհետե կատարում է պ. Մասեհյանը։ Եվ արդեն լույս են տեսել «Համլետից» հետո «Րոմեո և Ջուլիետ», «Ինչպես կուզեք» և տպագրվում է «Լիր թագավորը»[1]։ Բայց խոսքը «Համլետի» մասին էր։

Պ. Մասեհյանի «Համլետը» թերթելով իսկույն աչքի է ընկնում երկու բանի պակասություն, և եթե դրանց չլինելը պակասություն էլ չի, լինելը նպատակահարմար և ցանկալի էր.—մի հառաջաբան, որի մեջ պատմված լիներ նյութը և առաջ բերած մի կամ մի քանի հայտնի քննադատի կարծիք, ինչպես առհասարակ անում են, օր. ռուս թարգմանիչները, մեկ էլ մութ և դժվար հասկանալի տեղերի մեկնությունները, որ կարևոր են թե թարգմանչի համար, որ ցույց տա, թե այս ինչ տեղն ինչու այսպես է թարգմանել և ոչ այնպես, և թե, մանավանդ, ընթերցողի համար, որ կարողանար Շեքսպիրը պարզ հասկանալ։ Այո՛, կան պ. Մասեհյանի գրքի էջերում

  1. Ի դեպ․ ասում են, որ Հրատարակչական ընկերությունը մերժել է պ. Մասեհյանի թարգմանած «Մակբեթը», առարկելով, թե արդեն մի անգամ տպել է պ. Մալխասյանի թարգմանությունը։ Ես կարծում եմ այն «Մուֆլու»-ներն են, որ երկու անգամ չի կարելի թարգմանել ու տպել, և ոչ թե «Մակբեթը», մանավանդ, որ պ. Մասեհյանը տալիս է մի ամբողջ գործ—ամբողջ Շեքսպիր։