Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/570

Այս էջը հաստատված է

«երեկ մեկել օրվա պատմությունը, չգիտի, թե ով է ինքը, որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում»։

Սրտի ցավով գրելով այս տողերը, նա ինքն իր կողմից աշխատում է օգնել «մի կարգին «Հայոց պատմության» ստեղծմանը։ Այդ նպատակին են ծառայում 1826—1828 թթ. ռուս-պարսկական պատերազմին և Արևելյան Հայաստանի Ռուսաստանի հետ միավորմանը նվիրված ուսումնասիրությունները, պատմական զանազան դրվագների պարզաբանումները, «բաց նամակներն» ու հոդվածները՝ ուղղված հայ և այլազգի գործիչներին, բողոքն՝ ընդդեմ Պետական դումայի երկու անդամների, որոնք ողջ հայ ժողովրդին մեղադրում էին «հեղափոխականության», հակակառավարական տրամադրությունների մեջ («Հայ ժողովուրդը հեղափոխական», 1910, «Ահա թե ինչու», 1911, «Երեկվան պատմությունն ու այսօրվան իրականությունը», 1912, «Հայկական հարցն ու իր լուծումը», 1913, «Փորձիչը», 1913, «Մի երկու վկայություն», 1915, «Աղետ է, ոչ թե քաղաքականություն», 1915 և այլն)։

Այս հոդվածները, զանազան գրառումները, ճանապարհորդական նոթերը, կոչերը, դիմումները, հրապարակային ելույթները կարող են նյութ դառնալ Թումանյանի պատմագիտական հայացքների լուսաբանմանը նվիրված մի առանձին աշխատության»

Թումանյանն ակտիվորեն մասնակցել է բոլոր մշակութային ձեռնարկումներին։ Բազմազան են մշակույթի մասին գրած նրա հոդվածները, բայց, իրենց բազմազանությամբ հանդերձ, խմբավորվում են մեկ հիմնական գաղափարի շուրջ՝ դա հայ ժողովրդի կուլտուրական առաջընթացի կարևորությունն է և այն ելակետերը, որոնք ապահովելու են այդ առաջնթացը։ Մի տեղ նա առաջ է քաշում ազգային կենտրոնական գրադարան հիմնելու խնդիրը («Հայոց ազգային կենտրոնական գրադարան Թիֆլիսում», 1908), մի այլ տեղ բարձրացնում է ազգագրության պրոբլեմները «Ազգագրության գործը մեզանում», 1910), մասնակցում է հայոց լեզվի ուղղագրության շուրջ ծավալված վիճաբանություններին, պաշտպանում այսպես կոչված «նախաաբեղյանական» ուղղագրությունը («Ուղղագրության մասին», 1910, «Աբեղյանի ուղղագրության առթիվ», 1922), հանդես է գալիս հայագիտության ազգային ֆոնդ հիմնելու առաջարկությամբ («Հայագիտության ազգային ֆոնդ», 1912), ոգևորվում է «Հայկազյան ընկերության գաղափարով և ոգևորված մասնակցում ստեղծմանը («Հայկազյան ընկերությունը», «Խոսք Հայկազյան ընկերության հիմնադիր Ժողովում», 1917) և այլն։ Նա անուշադրության չի մատնել մշակույթին նվիրված ոչ մի հավաք, ակտիվորեն մասնակցել է դրանց և արձագանքել հոդվածներով («Զարհուրելի սեր և հարգանք», 1909, «Գրական երեկույթներ», 1911, «Գրական երեկոներ», 1916, «Մեր կյանքի հիմնական խնդիրը», 1919 և ալն)։

Այս ու համանման հոդվածներին ծանոթանալով, մարդ զարմանում է, թե որքան եռանդ ու ժամանակ է նվիրել գրողը «ոչ գրական» հարցերին,