Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/572

Այս էջը հաստատված է

հին ազնիվ, հայրենասեր և ձեռներեց հովիվ տեսնելու համար։ Այդ նպատակին են ուղղված «էջմիածնի ցավը», «Խրիմյան և Իզմիրլյան», «Չպաշտպանեցինք», «Ազնիվ մարդը», «Կաթողիկոսական ընտրելիները» (1911 ) հոդվածները։ Սրանց մեջ ծրագրային նշանակություն ունի «Խրիմյան և Իզմիրլյան» հոդվածը, որտեղ միմյանց համադրելով երկու հանգուցյալ կաթողիկոսներին, նա նկարում է իր կարծիքով իդեալական հոգևոր հովվի կերպար։ Այս համադրության մեջ ոչինչ չեն կորցնում և ոչինչ չեն շահում երկու կաթողիկոսները։ Թումանյանը երկուսին էլ բնութագրում է որպես ազնիվ ու հայրենասեր մարդիկ, որոնք, սակայն, տարբեր են իրենց մտավոր կարողություններով և գործելակերպով։ Հետաքրքիրն այստեղ ոչ այնքան բնավորությունների մեջ եղած տարբերություններն են, որքան ընդհանրությունները, որոնց զգալի մասը կրոնական իմաստով «պարականոն»– է, ավելի շատ կապված ոչ թե աստծո պատվիրանների, այլ ռեալ կյանքի հետ։ «Երկուսն էլ,— կարդում ենք հոդվածում,— հոգևորական էին, բառի լավ իմաստով, երկուսն էլ սիրում էին ս. Գիրքը, ու նվիրված էին հայրենի եկեղեցուն։ Երկուսն էլ ունեին իրենց հավանած մարդիկը հոգևորականների մեջ, բայց առհասարակ չէին սիրում հոգևորականությանը։ Իզմիրլյանը մինչև անգամ զգուշացնում էր հոգևորականներից, իսկ Խրիմյանը առանձին թշնամություն ուներ աստվածաբանների դեմ։ Երկուսի մասին էլ կարծիք էր տարածված, թե հեղափոխական մարդիկ էին, բայց երկուսն էլ ուրույն հայացք ունեին հեղափոխության վրա և ատում էին արյունը։ Երկուսն էլ վշտով էին հիշում գոլիցինյան օրերը և առանձին հաճույքով էին կանգ առնում ներկա փոխարքայի վրա»։

Այս պարբերության մեջ, թերևս, պարզաբանման կարոտ է միայն երկու փոխարքաների նկատմամբ երկու կաթողիկոսների միանման վերաբերմունքը, սակայն դա էլ հասկանալի կդառնա, եթե հիշեցնենք գոլիցինյան օրերին հայկական դպրոցների փակումը, եկեղեցական կալվածքների հարքունիս գրավումը և այլն։

Ինչ վերաբերում է հոդվածի ընդհանուր բովանդակությանը, ապա մեջբերված հատվածից իսկ երևում է, որ այստեղ հիմնականը Խրիմյանի և Իզմիրլյանի կերպարների բացահայտումը չէ, այլ բանաստեղծի կարծիքն այն մասին, թե ինչպիսին պիտի լինի մայր աթոռի գահակալը՝ կարողանալու համար առավել հաջողությամբ պաշտպանել հայ ժողովրդի դատը։

* * *

Թումանյանի քննադատական-հրապարակախոսական գործունեության ամենաբուռն շրջանը ձգվել է դարասկզբից մինչև 1910-ական թվականների կեսերը։ Այնուհետև որքան մոտենում է մայրամուտին, նա այնքան սակավ է գրիչ առնում հոդվածներ գրելու համար։ Տասական թվականների վերջերին և քսանական թվականների առաջին երկու տարիներին, նա այլևս չի զբաղվում «մասնավոր» հարցերով։ Համաշխարհային պատերազմի և եղեռնի ժամանակ հանդես է գալիս հայ ժողովրդի դատի պաշտպանությամբ՝ բանակռիվ է մղում ընդդեմ օտար պարբերականներում հայ ժողովրդի