կանգնեցնողի վրա. «Դու ինչպե՞ս ես համարձակվում ուղևորներին կանգնեցնել»։ Այդ ժամանակ հեծյալը հրացանը ձեռքին արագ մոտեցավ պ. Ռյախինին և ասաց. «Փող տուր, փող»։ Բայց պ. Ռյախինը դեռևս չհասկացավ, թե բանն ինչ է։ Քանի որ այդ ճանապարհով նա առաջին անգամ էր երթևեկում, ենթադրում էր, թե այս կետում ճանապարհի տուրք են հավաքում և իրենից էլ հենց այդ են պահանջում։ Այդպես մտածելով պ. Ռյախինը գոռաց. «Ետ քաշվիր, ես պետական ծառայող եմ»։ Այդ ժամանակ ամեն կողմից աղաղակներ լսվեցին. «Ախր սրանք ավազակներ են»։ Ուղևորներից մեկը, պ. Ռյախինին մատնացույց անելով, ըստ երևույթին ավազակների վրա տպավորություն գործելու համար, բարձրաձայն ասաց. «Սա ոստիկանապետն է»։ Ավազակը մի ակնթարթում մոտենալով մեր կառքին և, «ուրեմն այդ դո՞ւ ես մեր եղբայրներին տաժանավայրեր աքսորում» ասելով, նշան բռնեց պ. Ռյախինին։ Սարսափելի ակնթարթ էր։ Շուրջը բոլորը քարացան։ Հանկարծ առաջ վազեց ինձ հետ ճանապարհորդող իմ ծանոթ պ. Համասփյուռը և հուզված ձայն տվեց. «Չէ, չէ, սա ոստիկանապետի օգնականն է և այստեղացի էլ չի»։ Աղետը կանխվեց, ավազակը հրացանն իջեցրեց և սկսեց փող պահանջել։ Պ. Համասփյուռը ժիլետի գրպանից հանեց մի պոլոլիմպերիալ, 3 արծաթ ռուբլի, 20 կոպ. պղնձադրամ և տվեց նրան։ Ավազակը ոսկին ու արծաթը վերցրեց, 20 կոպ. պղնձադրամը վերադարձրեց և ասաց. «Դա քեզ պահիր ծխախոտի համար»։ Այնուհետև դիմելով պ. Ռյախինին պահանջեց նրա թուրը և փողերը։ Այդ ժամանակ մեզ մոտեցավ մի ուրիշ հեծյալ, ինչպես պարզվեց՝ ավազակապետը, և կառքի մեջ նստած տիկնոջը ցույց տալով ասաց. «Այս տիկնոջ պատվին ես դրան ներում եմ» (գլխով արեց դեպի պ. Ռյախինի կողմը)։ Հերթը հասավ ինձ։ Ես հանեցի մոտս եղած 5 ռուբ. 50 կոպ. և տվեցի ավազակին, ասելով, որ ավելին չունեմ։ Բայց նա ինձ չհավատաց և սկսեց խուզարկել։ Ժամացույցս գտնելով խլեց։ Այստեղ անակնկալ միջամտեց մեզ հետ ճանապարհորդող տիկինը։ Դիմելով ավազակին նա խնդրեց վերադարձնել ժամացույցը։ Ավազակը ժպտալով, նրան քաղաքավարի հարցրեց. «Խանում, էտո յակշի՞ ադամ»։ (Տիկին, սա լա՞վ մարդ է), և պատասխան ստանալով «չոխ յախշի, չոխ յախշի» (շատ լավ), ժամացույցս վերադարձրեց։
Մեր կառքից հեռանալով ավազակապետը, մյուս ավազակի հետ, մոտեցավ հաջորդ կառքին։ Այդ կառքի մեջ նստած էին երկու կին, կառքը վարում էր մի կազակ։ Կանանց ոչ մի խոսք չասելով, ավազակները կազակից պահանջեցին ձիերից մեկն արձակել և հանձնել իրենց։ Կազակը կտրականապես հրաժարվեց կատարել այդ պահանջը՝ հայտարարելով, որ ձիերը պետական են։ «Սպանես էլ չեմ տա» կրկնեց նա մի քանի անգամ։ Կատաղած ավազակներն սկսեցին ծեծել խեղճին։ Հետո ավազակներից մեկը, դաշույնը մերկացնելով, հարձակվեց կազակի վրա։ Այստեղ արյունահեղությունը կանխեց կառքում նստած կանանցից մեկը։ Նա ավազակներին խնդրեց կանգ առնել, իսկ կազակին բարձրաձայն ասաց. «Ձին տուր»։ Սակայն կազակը չէր ուզում ձին արձակել և մի կողմ քաշվեց։