Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/588

Այս էջը հաստատված է

Ձեգամում կողոպտվել են մի քանի հոգի, այդ թվում տեղական պահպանության մի հեծելազորային և ինչ-որ մի գյուղական դատավոր։

Հաջողություններից հարբած և հետապնդումից չվախենալով, ավազակները հասել են Ղազախի գավառ, և, ասում են, այնտեղ ևս շատերին են կողոպտել։ Այդ մասին լուրը հենց նոր է հասել Հաջիքենդ և մանրամասնությունները դեռ հայտնի չեն։ Ղազախից ևս դուրս է եկել հետապնդողների մի ջոկատ կազմված 40 զինված հեծյալներից։

Պատմում են, թե Հաջիքենդի մոտ տեղի ունեցած կողոպուտից երկու-երեք օր առաջ, Ելիզավետպոլի մոտերքում, այսպես կոչված գաղութականների ճանապարհին, ավազակները կողոպտել են երկու ելիզավետպոլցու։ Հետևապես կարելի է կարծել, թե նրանք վաղուց են թաքնված եղել Ելիազտվետպոլի գավառում՝ տեղանքն ուսումնասիրելով և հարմար առիթի սպասելով կողոպուտի համար։

Հենց նոր այստեղ ստացված «Կավկազ» թերթի համարում, հանդուգն կողոպուտը նկարագրելով, թղթակիցը տարակուսանք է հայտնում, թե մարդկանց մի այդպիսի բազմություն ինչպես է անտրտունջ ենթարկվել ավազակների ոչ մեծ խմբին։ Նա համոզմունք է հայտնում, թե ուղևորների եռանդուն դիմադրության դեպքում ավազակները կփախչեին։ Անհասկանալի է, թե ինչի վրա է հենվում այդ համոզմունքը։ Բայց ենթադրենք թղթակիցն, իրավացի է։ Մի՞թե նա կարծում է, թե դիմադրությունն ավելի էժան կնստեր ուղևորներին։ Ավազակները ոչ մի դեպքում չէին հեռանա առանց գործի դնելու իրենց հրաշալի հրացանները, իսկ ուղևորների թվում շատ կանայք կային, կային նաև երեխաներ։ Թաթար ավազակները, ինչպես կարող է համոզվել յուրաքանչյուրն ով հետևում է կովկասյան թերթերին, մի անգամ չէ, որ ճեղքել են զինված ուժերի շղթան՝ հետապնդողներին զգալի կորուստ պատճառելով։ Իսկ այս դեպքում նրանք չէին հեռանա՝ տեղում չսպանելով գուցե թե մի քանի տասնյակ մարդ։ Կողոպուտի ժամանակ ստեղծված իրադրությունը բացառում էր դիմադրության հնարավորությունը։ Ավազակները կողոպուտի շատ հարմար վայր էին ընտրել։ Ուղևորներն այդտեղ հայտնվում էին ինչպես թակարդում։ Հովտի զանազան կողմերից մեծ մասամբ առանձին-առանձին տեղ հասնելով, նրանք, դեռ ուշքի չեկած, զինաթափվում էին ու տարվում այնպիսի վայր, որը մշտապես գտնվում էր երեք ավազակների աչալուրջ հսկողության տ՛ակ։ Եթե ուղևորներից որևէ մեկը փորձեր չնչին դիմադրություն ցույց տալ, տեղնուտեղը կսպանվեր, իսկ միասին գործելու մասին մտածել անգամ հնարավոր չէր, քանի որ մարդիկ միմյանցից անջատված էին։ Երբ Ելիզավետպոլի ոստիկանապետի օգնական պ. Ռյախինը դեպքի վայրը հասավ և իմացավ թե բանն ինչ է ու փորձեց շրջվել դեպի կառքի ետնամասը՝ ատրճանակը վերցնելու, իսկույն նրան արգելեցին ու բացատրեցին, թե ինչ փորձության կենթարկվի բազմությունը, այդ թվում և կանայք, եթե փոխհրաձգություն սկսվի։ Բացի դրանից գրեթե բոլոր ուղևորները համոզված էին, որ ինչ-որ տեղ՝ մոտերքում, թաքնված են ավազակների օժանդակ