Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/590

Այս էջը հաստատված է

իր գործակալների միջոցով տեղեկություն է ստացել, որ փախստականները օգոստոսի 18-ին եկել են հայկական Ակսիբարա գյուղ՝ Եվինով Խեչոյի տուն և այնտեղ թաքնվել։ Գավառապետը, որ այդ ժամանակ գտնվել է Ակսիբարայից 30 վերստ հեռու, Ղամարլու գյուղում, իր զորախմբով, որը կազմված էր տեղամասի պահակախմբից, ուղեբաժնի պարեկներից և կազակների ջոկատից՝ գրենադերյան գնդի պարուչիկ Կաչևսկու հրամանատարությամբ, ուղևորվել է Ակսիբարա, ուր և հասել է առավոտյան ժամը 5-ին։ Հետապնդողները, 4 խմբի բաժանվելով, բոլոր կողմերից շրջապատել են Խեչո Եվինովի տունը։ Դա տեսնելով, ավազակ Խեչոյի մայրը ընդառաջ է ելել և խնդրել մի քանի րոպե տուն չմտնել, որպեսզի տան կանայք հնարավորություն ունենան հագնվելու։ Միաժամանակ նա քնած փախստականներին տեղեկացրել է սպառնացող վտանգի մասին։ Փախստականները հագնվելով ու զինվելով, մի քանի անգամ տանից կրակել են ու դուրս վազել, որ թաքնվեն մոտիկ անտառում։ Հետապնդողների և փախստականների միջև սկսվել է համառ փոխհրաձգություն, որի ավարտից հետո պարզվել է, որ սպանվել են 2 փախստական՝ Խեչո Եվինովը և նրա ընկեր Նաբին, իսկ կազակ Բաբիչն ու Եվինովի մայրը վիրավորվել են։ Սպանված փախստականների ընկերները՝ Դադաշ Նաջաֆ-օղլին (Նաբիի եղբայրը), Կուրումսուլու գյուղի բնակիչ, փախստական զինվոր Եգոր Պապիևը, իրականում Ղամբար Մամեդ-օղլին, որը կոչվել է Իսմայիլ Լիլիա-օղլի, Խեչոյի տանը չեն հայտնաբերվել։ Նրանց գտնելու համար ձեռք են առնվել եռանդուն միջոցներ։ Սպանված Եվինովի տունը խուզարկելիս գտել են մի քանի ժամացույց, ատրճանակներ, սպիտակեղեն, Գևորգյան խաչ, որը պատկանել է կամ ուղեմասի պետ Գեդևանովին, կամ ոստիկանական պրիստավի օգնական Մելիք-Օսիպովին, և Հաջիքենդի մոտ կողոպտված մարդկանց այլ իրեր։

Մեջ եմ բերում այդ ավազակների մասին հուսալի աղբյուրներից քաղված որոշ հավաստի տեղեկություններ.

Սպանված Խեչո Եվինովը փախստական է դարձել անցյալ տարվա սեպտեմբերին, ոստիկանական պրիստավ Տատարինովի անհաջողությունից հետո, որը Ելիզավետպոլի գավառապետի հանձնարարությամբ ցանկացել է Խեչոյին ձերբակալել։ Նրա ընկերը՝ Նաջաֆ-օղլին, նա ինքը՝ Նարի Դադաշը, փախստական է դարձել իր մի համագյուղացուն ու նրա որդուն սպանելուց հետո։ Նա մեղադրվում է բազմաթիվ կողոպուտների և սպանությունների մեջ, այդ թվում Բորչալվի և Ղազախի գավառների սահմանագծում շրջող մի հայ պարեկի։ Փախստական զինվոր Եգոր Պապիևը գնդից փախչելուց հետո գավառի ոստիկանության կողմից ձերբակալվել և հանձնվել է Ղազախի առաքման հավաքակայանին՝ կրկին իր գունդն ուղարկվելու համար։ Բայց հավաքակայանից փախել ու Հաջիքենդի կողոպուտի նախօրյակին միացել է Խեչոյին։ Ինչ վերաբերում է Խեչոյի 5-րդ ընկերոջը՝ Իսմայիլ-օղլի Ղամբարին, ապա նա ավելի քան 10 տարի առաջ, Բորչալվի գավառում մարդ է սպանել ու դատապարտվել տաժանակրության։