Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/593

Այս էջը հաստատված է

այնքան էլ հաջող չի անցել։ Ճիշտ է, Արուխլո գյուղի մոտ կողոպտել են մի ձիասայլ, բայց Ալլահվար գյուղում, որտեղ ավազակները մտել են տեղի հողատեր Կ. Մ. Ենիկոլոպովի տուն, նրանից ոչինչ չեն կարողացել, վերցնել։ Նրանք այստեղ քշել տարել են միայն այդ ժամանակ գյուղից բացակայող մի այլ հողատիրոջ՝ Գ. Դ. Ենիկոլոպովի ձին։ Սակայն երբ Արուխլո գյուղում ավազակների ու շարքային զինվորների ջոկատի միջև փոխհրաձգություն է սկսվել, ձին փախել է։ Այդ փոխհրաձգության ժամանակ զինվորներից մեկը վիրավորվել է։ Չնայած դրան ավազակների հետապնդումը շարունակվել է, և հաջողվել է սպանել նրանց ձիերից երկուսին ու ետ խլել կողոպտված իրերը։


ШУЛАВЕРЫ, 18-ГО СЕНТЯБРЯ
(էջ 108)

Տպագրվել է НО 1899, 24 սեպտեմբերի, № 5056, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 332—339։

Արտատպվում է ՈւՀ 3-ից։

Տե՛ս շարքի առաջին թղթակցության ծանոթագրությունը։


Թարգմանություն
ՇՈՒԼԱՎԵՐ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
(«Նովոյե օբոզրենիայի» թղթակցությունը»)

Ի հավելումն ավազակների հետ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած փոխհրաձգության մասին համառոտ հաղորդագրության, կարող եմ հայտնել հետևյալ հետաքրքիր մանրամասնությունները։ Սեպտեմբերի 15-ի գիշերը Բորչալվի գավառապետը Արուխլո գյուղում դիրքեր գրաված որսորդական ջոկատի պետին տեղեկացրել է, որ Ալայ Մուրսակուլովի ավազակախումբը Տաշտիկուլյար գյուղի մոտ կողոպտել է մի գերմանացու ձիասայլ։ Այս լուրն ստանալով, պոդպորուչիկ Օսիպյանցը, 7 զինվորների հետ, դուրս է եկել՝ Խրամի կիրճում ավազակներին փնտրելու։ Առավոտյան 7-ի մոտ պ. Օսիպյանցը Խրամի կիրճից ելնելով, ուղևորվել է դեպի Քոսալար գյուղ։ Հիշյալ գյուղին չհասած շարքայիններից մեկը բլրի գագաթին թամբած ձիեր է նկատել, որի մասին հայտնել է սպային։ Նույն ժամանակ բլրի հետևից կրակոցներ են լսվել, բայց չարագործները չեն երևացել։ Զինվորներն անմիջապես շղթա են կազմել։ Շղթայի տեղը միանգամայն հարթ է եղել։ Ավազակներն ուժեղ կրակ են բացել՝ շղթայի վրա գնդակների կարկուտ տեղալով, ընդ որում աջ ուսից թափանց վիրավորվել է շարքային Բայազիտովը, իսկ երկու ուրիշ զինվորների գլխարկները ծակվել են։