Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/87

Այս էջը հաստատված է

որի մեջ, նա, խուժանի այդ հարազատ զավակը, արիստոկրատական ծիրանի հագած, արշավանք է սկսում խուժանի դեմ։ Սազ է գալի պոլսական առածը՝ ո՛վ դարք, ո՛վ բարք…»։

Այս տողերը ես արտագրում եմ և պատասխանում, որովհետև այնպիսի խոսքեր կան, որ տեղն եկած ժամանակ չասելը ուղղակի հանցանք է, որ կարող է մնալ ծանրացած մարդու սրտի և խղճի վրա։

Ինչ վերաբերում է թաղելուն՝ ես այդ համարում եմ մի շատ անզոր և միամիտ մասխարություն, որ միմիայն այնպիսի մարդիկ կանեն, որոնց համար Մշակի էջերից դուրս էլ աշխարհ ու կյանք չկա։ Այդպիսի մարդիկ նման են խլուրդի, որ ինչ բանի որ դունչը դիպչում է, միայն այն է ընդունում, և նրանից դենը էլ բան չկա։ Թողնելով դրանց, այդ խելքից ու բարոյականությունից զուրկ ձգտումները, որ մաքրության վկայական են բաժանում, գործչի ատեստատ են տալիս, կյանքի ու թաղման վճիռներ են կարդում, թողնելով այդ ձգտումները, որոնք որքան զազրելի են, այնքան էլ արժանի են լուրջ ուշադրության, որպես բարոյական անկման ահռելի նշաններ, ես ուզում եմ խոսել խուժան բառի մասին, որի պատասխանատվությունն ընկնում է ինձ վրա։

Այդ՝ վերև արտագրած տողերը, վերաբերում են Տարազի № 12-ում տպած իմ նամակին, որի մեջ Հրատարակչական ընկերության վերջին ընդհանուր ժողովի մասին խոսելիս, ի միջի այլոց, ասել էի. «Իր խուժանական լոգիկայով նա (ընդհանուր ժողովը) մինչև անգամ հնարավոր գտավ իր սև քվեների բազմության առաջ դնել պ. Շիրվանզադեի պատվի խնդիրը» և այլն։ Այստեղից շատ պարզ է, թե ում են վերաբերում իմ բառերը. բայց եկեք տեսեք, որ աչքակապության մի եղանակ կա և հրապարակախոս կոչված արարածների մի ցեղ, որոնց դիպար թե չէ, կսկսեն ոռնալ՝ օ՜, ժողովուրդ, օ՜, ժողովրդի իրավունք, օ՜, հասարակություն… որ ժողովուրդն էլ կարծի, թե ճիշտ որ այդ պարոնների և իրան մեջ մի ընդհանուր բան կա, մի կապ կա, և նրանց դիպած հարվածն իրան՝ ժողովրդին է վիրավորում։ Այս եզվիտական սկզբունքին հավատարիմ, այժմ էլ այդ Մշակի Գրողը իմ գրածը խեղաթյուրում