Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/89

Այս էջը հաստատված է

որ անմատչելի են ձեր զգացմունքներին։ Այն խուժանի ադաթով եթե մեկն իր հակառակորդին ասում է՝ ես զենք չունիմ ձեռքիս, ես անպատրաստ եմ, հակառակորդն իրավունք չունի իր զենքը շարժելու, հարված տալու, իսկ եթե այդ արավ, նա համարվում է նամարդ (տմարդի, ոչ մարդ), իսկ արարքը՝ նամարդություն։ Եվ այս ամենամեծ նախատինքն է, ամենացած անունն է, որ կարելի է տալ մարդուն ու գործին։ Եվ այդ արատից զարհուրում ու զզվում է ամեն մի մարդը այն խուժանի, որի հարազատ զավակն եմ ես։ Նա այս զգացմունքն ու ոգին իր կաթի հետ ջամբել ու ներշնչել է ինձ, և սրանից էր, որ ես Հրատարակչական ընկ<երության> վերջին ժողովում լինելով, այնքան զզվեցի և զզվանքս էլ հրապարակավ հայտնեցի ձեր դեմ[1])։ Այդ ժողովում՝ պարապմունքները վերջանալուց հետո, երբ ժողովականների մեծ մասն արդեն ցրվել էին (որոնք եթե իմանային, կմնային և գուցե ուրիշ կարծիք հայտնեին), մնացածներն էլ ուզում էին հեռանալ, դուք հանկարծ ձեր պորտֆելից հանում ու ժողովի մնացորդի առաջն եք դնում, տեղեկագրից և ժողովրդի պարապմունքներից դուրս, պ. Շիրվանզադեի հարցը։ Այստեղ ինձ համար Շիրվանզադեն չլինի, ով կուզե լինի։ Դուք ուզում եք մարդու պատվի մասին մի վճիռ կայացնել տալ, մի խոսքով, թիկունքներդ ձայների բազմությամբ ամրացրած, ուզում եք հարված տալ նրան։ Դոկումենտների անուն եք տալի, վկաներ եք հիշում, արձանագրություններ եք դնում սեղանի վրա։ Այստեղ կանգնած է ձեր հակառակ կողմը՝ պ. Շիրվանզադեն։ Նա ասում է. պարոններ, ես էլ ունիմ դոկումենտներ, բայց այժմ մոտս չեն, ես էլ վկաներ ունիմ, որոնք այստեղ չեն, այժմ ես անպատրաստ և անտեղյակ եմ ժողով եկել, ես այժմ զենք չունիմ ձեռքիս, թույլ տվեք մյուս ժողովում քննելու, կամ մի

  1. Դեռ մի կողմ եմ թողնում տեղեկագրի քննությունը, երբ դուք ձեր անխոս ձայների մեծամասնությամբ բռնանում էիք դատողությունների խնդիրների վրա, և այնպես կորցրիք կուսակցական երազներով տաքացած գլուխներդ, որ ընդհանուր ժողով բերած հարցերից երկուսն էլ հետներդ ետ տարաք։ Կարդացեք տեղեկագիրը—ընդհանուր ժողովի պարապմունքները № 4։ Հ. Թ.