Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/90

Այս էջը հաստատված է

նոր ժողով կազմեցեք, կամ մի մասնաժողով ընտրեցեք, որ ես հնար ունենամ պատրաստված ներկայանալու և պատասխան տալու։ Նա կրկնում է իր խոսքը, դուք դարձյալ ձերն եք պնդում։ Նա երեքկնում է իր բողոքը, և, այսուամենայնիվ, դուք ձայների մեծամասնությամբ վճռում եք ձեր ցանկացածն անել և այն էլ այնպիսի եզվիտական եղանակով, թե մենք միայն զեկուցում ենք ուզում լսել։ Իսկ զեկուցումը լսելուց հետո կանգնում եք ու ձայների մեծամասնությամբ վճռում, որ Շիրվանզադեն մեղավոր է, պարտ է, և, մեկը կանգնում է, ասում՝ ես կտամ, մյուսը թե՝ կեսն էլ ես կտամ, և ապա հարա-հրոցով վստահության քվե եք տալիս վարչությանը։

Այս բոլորը տեսնելուց հետո, կրկնում եմ, թեկուզ Շիրվանզադեն չլիներ, մի հետին մարդ լիներ և այն էլ հայտնի մեղավոր, ես դարձյալ կզզվեի ձեզանից և նույն խոսքերը կասեի, որովհետև ամեն մի հանցավորի հանցանքից ավելի գարշելի ու քստմնելի գործ է այդ ձևով դատաստան կտրելը, ամեն մի հանցավորից ավելի դատապարտելի է այդպիսի նենգամիտ, նախապաշարումներով կաշառված և տմարդի դատավորը, և նրա համար էլ ես ձեր վարմունքը անվանեցի խուժանական։ Եվ չեմ դադարիլ այդպես անվանելուց, թեկուզ և դրա համար ինձ թաղեն, ինչպես արին գերեզմանատուն դարձած Մշակի № 40–ում։

ԻՄ ՀԱՇԻՎԸ ՀՐԱՏ<ԱՐԱԿՉԱԿԱՆ> ԸՆԿ<ԵՐՈՒԹՅԱՆ> ՀԵՏ

Շատերը տեսած կլինին, թե ինչպես են վիճում ռամիկները։ Վիճում են, օրինակ, իրանց քյոխվի կառավարության մասին․ մեկն ասում է լավ է կառավարում, մյուսն ասում է՝ վատ։ Վեճը տաքանում է, և հանկարծ տեսնում ես մեկը մյուսի դեմ գոռաց. «Տո՛, դո՞ւ ես քյոխվի վրա խոսում․ դու էն չե՞ս, որ Մադոնց Ղուկասին 20 մանեթ ես պարտ», և եթե մի քիչ էլ ամոթից հեռու մարդ է, մի սուտ էլ ավելացնում է, թե «պարտ ես ու ատկազ ես անում»։

Իհարկե, քյոխվի հարցում այս պարտքն իսկի գործ չունի,