Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/92

Այս էջը հաստատված է

կարծում, ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմից բացատրություն ու բավականություն պահանջեմ, երբ իմ պարտքը երևում է լրագրում և զրպարտությունն էլ հետը։ Այո՛, կարող էի դիմել և՛ «Մշակի» խմբագրությանը, և՛ դատարանի, և՛ միջնորդ դատարանի, և՛ մամուլին, և՛ հասարակությանը, բայց ի՞նչ եք կարծում, կարող էի իմ պարտքատերին էլ դիմել, բան հարցնել, թե ոչ։ Չգիտեմ ընթերցողն ինչպես է կարծում, բայց ես մտածել եմ, թե առաջ դիմեմ իմ պարտքատերին, մի հարցնեմ, թե այդ ինչպես է եղել, որ իմ պարտքը, այն պարտքը, որ իսկի քո տարեկան հաշիվներում (տեղեկագիրներում) էլ չի դուրս գալիս, այն ստորագրությունը, որ տվել եմ քեզ և քո գրպանումն է (գանձարանում), այսօր դուրս է եկել հրապարակ. և վերջապես ինձ զրպարտել են, թե ես չեմ տալիս, այս մասին դու ի՞նչ կասես։ Այսպես մտածելով ընկ<երության> վարչությանը ապրիլի 10-ին գրում եմ հետևյալ նամակը․ «Մշակ» լրագրի այսօրվա համարում տպված է, թե ես ընկերությանը մոտ 60 ռ. եմ պարտ և չեմ տալիս։ Որովհետև այս լուրը արատավորում է իմ պատիվը, ուստի խնդրում եմ հարգելի վարչությանդ ինձ հայտնել, թե ինչո՞ւ և ի՞նչպես է եղել, որ այն պարտքը, որ ես պարտ եմ ընկերությանը, այսօր դուրս է եկել հրապարակ այն թերթում, որի խմբագիրը վարչության պ. նախագահն է և այն էլ այսպիսի զրպարտությամբ հանդերձ, թե ես չեմ տալիս։ Ես կարծում եմ վարչությունը այդ կարծիքին լինել չի կարող, թե ես խույս եմ տալիս իմ պարտքից, քանի որ այդ պարտքի մի մասը վճարել եմ ես, մնացածի համար ստորագրություն եմ տվել*), իսկ անցյալ տարվանից վարչության թղթով պատվեր եմ ընդունել թարգմանելու Բելինսկու գրվածքը Լերմոնտովի մասին, և այն ի հաշիվ հիշյալ պարտքի, ինչպես խոսեցել եմ հատկապես վարչության պ. նախագահի հետ։ Այս մասին խնդրում եմ վարչության կարծիքը»։

Վարչությունը ինձ պատասխանում է.

[1]

  1. Հետո օրդերից երևաց, որ ստորագրություն տալուց հետո էլ եմ վճարել։