Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/94

Այս էջը հաստատված է

Հրատ<արակչական> ընկերության հետ։ Վերադարձնում եմ նույնպես, վարչությանդ № 900 թուղթը, որ գրել է անցյալ տարի և որով ինձ առաջարկել է թարգմանել Բելինսկու գրվածքը Լերմոնտովի մասին։ Ես միայն զգացմունքներով կարող եմ կապված լինել ընկերության հետ և ոչ թե թարգմանության պատվերներով, իսկ երբ զգացմունքները վերացած են մեջտեղից, մեր մեջ չի կարող լինել որևէ հարաբերություն։

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ

Մեծ. պ. խմբագիր

Տարազի № 14-ում տպված է, թե պ. Ա. Քալանթար և ընկ. դեռ Գր. Արծրունու կենդանության ժամանակ (92 թ. դեկտ.) ժողովներ էին անում Գր. Արծրունուն և նրա «Մշակը» տապալելու, սակայն Արծրունին մեռավ, և դավաճաններն ու դավադրություններ սարքողները այսօր տեր են դարձել «Մշակին»։ Որովհետև ես էլ եմ եղել այդ ժողովներում, իսկ այդ ժողովները իբրև նշանավոր գաղտնիքներ բացվում են այսօր, իմ պարտքս եմ համարում մի քանի խոսք ասել։ Այդ ժողովներում ոչ դավաճաններ կային և ոչ դավադրություն, այլ հայտնի տրտունջ Մշակի և Գր. Արծրունու դեմ։ Այդ տրտունջը ուներ իր հիմունքները, որոնք շատ թարմ ու լուրջ էին այն ժամանակ։ Այդ ժողովում խոսողները ապացուցանում էին, որ Արծրունին վաղուց սպառվել է, իրան շրջապատել է գյադաներով, դարձել է մի անտանելի բռնակալ կուսակցության գլխին, իսկ Մշակը մի անպետք թերթ, որ ոչինչ չի տալիս, խաբում է երիտասարդությանը և այլն։ Այդ պատճառով կարևոր էին գտնում Տարազը լավացնել, դարձնել հառաջադիմական կուսակցության օրգան և կռվել Գր. Արծրունու և Մշակի դեմ։ Մինչև անգամ Գր. Արծրունին, ինչպես ասում են, հիվանդության ժամանակ տեղեկություն ուներ այս բոլորի մասին, որ, ասում եմ, գաղտնիք չէր, և գաղտնիք դարձավ միայն այն պատճառով, որ Արծրունին մեռավ հենց այդ օրերում։