Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/95

Այս էջը հաստատված է

Կրկնում եմ, այնտեղ ոչ դավաճաններ կային ու ոչ դավադրություն, եթե այս բառերը գործ եք ածել իրանց իմաստով․ այն ժողովները և դժգոհությունները, մանավանդ այն ժամանակ, շատ հասկանալի էին, բայց նրանից հետո պատահածներն էին շատ տխուր և զարմանալի։

Հարգանքով՝
Հովհաննես Թումանյանց

ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔԸ

Արաբացոց արշավանքներից հետո Մամիկոնյաններն էլ չեն երևում պատերազմների դաշտերում, և այնուհետև պատմությունը նրանց այնքան սակավ է հիշատակում, որ տեղիք է տալիս կարծելու, թե նրանք վերջացան։ Նրանց երբեմն որոնում էին Տարոնում և կարծում էին, թե Մանգցի կոչված քրդերն են լինելու նրանց սերունդները։ Բայց ստույգն այն է, որ նրանք, թե նրանցից միայն մի հատված, ԺԱ դարում եկավ բնակություն հաստատեց Լոռու լեռներում — Դսեղ ավանում։ Նրանք իրանց հետ բերին իրանց ավանդությունները, որ տակավին ժողովրդի բերանում մնում են ու խոսվում, նրանք բերին իրանց տան սրբությունը — Ս. Լուսավորչի մասը և ընծայեցին Սանահնի վանքին, այնտեղից էլ հանեցին տվին Հաղպատին. նրանք ճանապարհներ շինեցին այդ ահռելի ձորերում, կամուրջներ կառուցին «գիժ» Ձորագետի վրա, հուշարձաններ ու աղոթատուներ կանգնեցին, և այդ բոլորը դեռ մնում են Դսեղա ձորերում, սարերում ու անտառներում։ Որ կողմը դառնաս, որ կողմը նայես՝ ամեն մի նշան ցույց Է տալիս նրանց հետքը, ամեն արձան նրանց մասին է խոսում։

Ահա ձորափին կանգնած սիրուն «Սիրուն Խաչը». մեխվում ես առաջին, հիանում ես ճարտարվեստ ու նուրբ քանդակներով, և հանկարծ սիրտդ թունդ է առնում, երբ ծաղկանկարների մեջ կարդում ես. «Յիշխանութեան տանն Մամիկոնեան» և այլն։