Օրն է վեր հանելու և նրա հայրենագիտության պայծառ սերն ու անզուսպ եռանդը։ Տասնևչորս տարուց ի վեր զբաղված էր մեր երկրի մի ուսումնասիրությունով։ Դեռ 1907 թվին Թիֆլիսում ես թերթեցի էդ գործը, մի ահագին հատոր կարող էր կազմել։ Ինչպես նամակներից երևում էր, էս 6-7 տարվա ընթացքում շատ ավելի մեծ ծավալ էր առել և գրկել նոր շրջաններ։ Դրա համար նա կազմում էր մի մեծ ալբոմ։ Ալբոմի ծրագրից կարելի է եզրակացնել գործի մեծությունն ու լրջությունը։ Եվ ահա ծրագիրը, որ ուզում էր առայժմ շատերը չիմանան։
«Սասուն, Տարոն, Կիլիկիա, Կովկաս մեր նկարած պատկերներից որոշված է հրատարակել հատուկ գեղարվեստական ժողովածու՝ ալբյում (album), արդյունքը հատկացնելով Սասունին։
Ցանկանալով որպեսզի այդ հրատարակությունը լինի ավելի ճոխ և բովանդակալից, մտադրություն կա եղած պատկերներին ավելացնել նաև հայկական այլ շրջանների մեջ վերցրած նկարներ։
Մեր նպատակն է այս հրատարակության միջոցավ ներկայացնել Հայ բազմապիսի աշխատանքը, ինքնուրույն կյանքը, Հայաստանի և հայի բնակած շրջապատին մեջ։
Այսպիսով՝ հողագործությունը, այգեգործությունը, շերամապահությունը, անասնապահությունը, կաթնատնտեսությունը, ձկնորսությունը, որսորդությունը, արհեստները և այլ ձևի աշխատանքի և արտադրության ճյուղերը, ամեն մին իր բազմազան փուլերով, պիտի ներկայացվի նկարով, այնպես ինչպես տեղի ունի իրականին մեջ։
Որոշ առանձնահատկություն ներկայացնող ամեն մի շրջանի վերաբերյալ պատկերները լուսաբանելու են գլխավորապես այդ վայրին կողմերն ու նրբերանգները, մնացած ճյուղերին տալով երկրորդական տեղ և կարևորություն։
Հողագործական Մուշն ու Շիրակը կուտան նկարներ հողագործության այլևայլ աստիճաններին և ձևերին վերաբերյալ (հերկելը արորով-գութանով, ցանքսը, քաղհանը, ջրելը,