Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/11

Այս էջը հաստատված է
1913


ՄԻ՞ԹԵ ԴժՎԱՐ է

Հայոց գրական ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնց շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։

Կյանքն իր ամբողջության մեջ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով-մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով-մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են

7