Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/112

Այս էջը հաստատված է

Մեր նոր շրջանը բաց ենք անում տաճկահայ գրականությանը նվիրված երեկույթով և տարվա ընթացքում կաշխատենք մի քանի անգամ վերադառնալ մեր գրականության արևմտյան բաժնին, որին ցավալի կերպով անծանոթ ենք մնացել։ Սա մի անբնական ու աննորմալ երևույթ է, որ վերացնելու առանձին հոգ պետք է ունենանք։

Առաջին անգամն է, որ տաճկահայ գրականության մասին դասախոսություն է լինում մեզանում։ Այժմ մեր առջև կբացվի ազգային հարստության մի նոր գանձարան, մեր դիմաց կհառնեն մեզ ծանոթ, բայց ավելի շատ՝ անծանոթ տաղանդավոր գրողների դեմքեր, և մենք ավելի հարուստ, ավելի ուժեղ ու ավելի հպարտ կզգանք մեզ։

Եվ առանձին ուզում եմ հիշատակել, որ տաճկահայ գրականությանը նվիրված էս երեկույթին ներկա է տաճկահայ գրականության ամենաինքնատիպ ու տաղանդավոր ներկայացուցիչնեիից մինը՝ մեր ազգային վչտի ու կորովի ուժեղ երգիչը, պ. Ատոմ Յարճանյան-Սիամանթոն, որին հայտնում եմ մեր սերն ու հարգանքը։


ԱՆԳԻՏԱԿԻՑ ԹՇՆԱՄԻՆԵՐ

Վրացական «Закавк‹азская› речь» թերթը նեղացել է, թե ինչո՛ւ Հայ գրողների ընկերությունը դիմել է ուր հարկն է, որ Թիֆլիսի մեծ երգչի արձանի բացման առիթով Ալրի կամ Թուրքի մեյդան կոչված հրապարակը, որի կողքին թաղված է Սայաթ-Նովան, կոչվի Սայաթ-Նովայի հրապարակ։ Սրա մեջ նկատում է հայերի կողմից Թիֆլիսը զավթելու դիտավորություն և վատ կրքեր է հուզում։

Նույն տեսակ աղմուկ է բարձրացրել ռուսական «Голос Кавказа» թերթը Խաչատուր Աբովյանի արձանի համար, որ կանգնելու է Երևանում, և հորդորում է իշխանությանը՝ ետ առնել իր տված իրավունքը։

Սրանով, իհարկե, իբրև թե ամեն մեկն իր հայրենիքի ու ազգի շահն է պաշտպանում հայերի դեմ։ Մի կողմ թողնելով