Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/113

Այս էջը հաստատված է

ավելի լայն հայացքը, ես ուզում եմ նկատել, թե էս մարդիկ լավ էլ չեն հասկանում, թե ինչի դեմ են խոսում, և հենց թեկուզ իրենց նեղ տեսակետից էլ եթե առնենք խնդիրը, դեմ չպետք է լինեին ոչ մեկը և ոչ մյուսը։

Ահա թե ինչո՛ւ։

Խաչատուր Աբովյանը մի մոլեռանդ ռուսասեր էր, նրա «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունը լինելով հանդերձ՝ միաժամանակ մի ոգևորված ջատագովություն է ռուս ազգին ու նրա պետական ուժին, և առաջ քաշել Խաչատուր Աբովյանին, կնշանակի հայերի մեջ արծարծել նաև սեր ու համակրանք դեպի ռուս ազգն ու ռուս պետությունը։

Եվ հանկարծ… էս մարդու հիշատակին դեմ է մի ռուս թերթ։

Ի՞նչ խոսք, որ սա չի հասկանում, թե ո՛րտեղ և ո՛ւմ դեմ է խոսում, և եթե չար է, նեղսիրտ ու փոքրոգի, ապա նաև անգիտակից է, և անգիտակից թշնամի ամենից առաջ իր ազգին ու հայրենիքին, որովհետև ուզում է ետ մղել իր ազգի ու հայրենիքի մեծ բարեկամներին և նրանց տեղը ստեղծել թշնամիներ։

Նույնը պետք է ասեմ և վրացական «Закавк<азская> речь»-ին։

Ո՞վ է Սայաթ-Նովան։ Մի երգիչ, որ համազո՛ր ուժով ու սիրով երգել է թե՛ հայերեն, թե՛ վրացերեն և թե՛ թուրքերեն։ Մի համակովկասյան երգիչ, որ ամենից քիչ երգել է հայերեն։ Մի երգիչ, որին վրաց գրականության պատմությունը անվանում է Վրաստանի երգիչ։ Բաց արեք վրացի պրոֆ. Ա. Խախանովի վրաց գրականության պատմության երրորդ գիրքը, էջ 218, կտեսնեք Սայաթ-Նովա վերնագրով մի առանձին գլուխ, որ սկսում է հետևյալ տողերով.

«Աղա Մահմադ խանի Թիֆլիսն առնելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ Սայաթ-Նովան։ Նա Հերակլ II թագավորի պալատական աշուղն էր (трубадур)։ Հարյուր տարի սրանից առաջ Սայաթ-Նովայի անունը հին