Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/118

Այս էջը հաստատված է

Շանթը արգելած է եղել տպագրելու իր «Հին Աստվածների» Կարա-Դերվիշի արած ռուսերեն նշանավոր թարգմանությունը։ Եվ շատ հասկանալի է։ Մարդը չի ուզում աղճատված ու աղավաղված դուրս գա ռուս հասարակության առաջ, չի ուզում տեսնի իր գեղարվեստական երկը խայտառակված, միմիայն նրա համար, որ պարոն Կարա-Դերվիշը փող աշխատի։ Իսկ պարոն Կարա-Դերվիշը ուզում է անպատճառ դրանով փող վաստակի, գուցե և փառք, և պատասխանում է.

— Ես կտպեմ, Շանթն ինչ ուզում է թող անի։

Սակայն գրականության էն տեսակ հարստահարիչներ էլ կան, որ գոնե էդ տեսակ պատասխանի էլ չեն արժանացնում հեղինակին։

Մի երեք-չորս տարի սրանից առաջ դուրս է գալիս ռուսերեն մի մանկական գրքույկ «Библиотека «Пчелки». Горе-купцы. Американская народная сказка» թարգմանչուհին էլ Е. Выставкина։

Մոսկվայից Արման ստորագրությամբ մեր ուսանողներից մինը մամուլի մեջ հայտնեց, թե էդ Թումանյանի «Անբախտ վաճառականներն» են և հարց տվավ, իմանալու էս ինչպես է եղել։ Ես էլ գիրքն ստացա, կարդացի, և տեսա, հիրավի, իմ անբախտ Ճայն և Չղջիկն են, որ դարձել են ամերիկացի, ու մեջտեղից վերացել են և՛ հայ ժողովրվի անունը, և՛ հայ հեղինակի։ Ես էլ հարց տվի թե՛ թարգմանչուհուն և թե՛ գործին տեղյակ մարդկանց, թե ինչո՞ւ և ի՞նչպես է պատահել, որ էսպես է դուրս եկել («Հորիզոն», 1910, № 99), բայց էն օրվանից էսօր՝ ոչ մի պատասխան։

— Գնա, ինչ ուզում ես արա։

Հետո միայն կողմնակի կերպով տեղեկացան ու ինձ հայտնեցին, թե հրատարակիչն է էդպես արել, որ ավելի լավ ծախվի, իբրև ամերիկական ապրանք։

Հիմի հարցրեք մեր մյուս գրողներին, տեսեք ինչեր կպատմեն։

Ասացեք խնդրեմ, էլ թալանն ու ավազակությունն ի՞նչպես է լինում։