Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/119

Այս էջը հաստատված է

Էն էլ գրչի մարդկանց, և նրա համար, որ նրանք պաշտպանություն չունին։ Եվ սրանք ավելի վատթար տեսակի ավազակներ են, քան մինչև օրս մեզ հայտնի եղած ավազակները։

Նրանք մարդուն թալանում են միայն նյութականապես, իսկ սրանք գրողին թալանում են և՛ նյութականապես, և՛ բարոյապես, նրա երկերը հափշտակելով, միաժամանակ փոխում, այլանդակում են գրվածքը, մի գրողի անուն դնում են ուրիշի գրվածքի վրա և կամ ուղղակի ջնջում են հեղինակի անունը։

Այո՛, արդեն դրված է հայ հեղինակի իրավունքի խնդիրը։ Պետք է պաշտպանել նրա դատն ու իրավունքը թե՛ պետական, թե՛ բարոյական օրենքներով։ Հեղինակի դատը ամենաարդար դատերից մինն է և նրա իրավունքը ամենանվիրական իրավունքներից մինը ամեն մի լուսավոր ու քաղաքակիրթ ժողովրդի մեջ։

Եվ քաղաքական սահման չպիտի դնենք մեր գրականության մեջ, և՛ Տաճկաստան, և՛ Պարսկաստան, և՛ Եգիպտոս, և՛ Ամերիկա, և՛ ամենուրեք հայոց գրականությունը պետք է նկատել մի գրականություն, և ամեն տեղ, ուր հայ կա, պետք է պաշտպանված լինի հայոց գրականությունն ու հայ հեղինակի իրավունքը։