Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/12

Այս էջը հաստատված է

ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի՝ նեղ թայֆայական կյանք, թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը․․․ Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսրտանում, մինչև կտրում է մարդ-արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

Ո՜վ ողորմելի ուրախություն, ինչքա՜ն ցավալի բաներ ես ասում դու․․․

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայնսիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի։ Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈՒ ԻՐ ԼՈՒԾՈՒՄԸ

Երևակայեցեք թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։

Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են 35 տարի է, ինչ գոյություն ունի հայկական հարցը, որովհետև

8