Լավ գիտենալով հայ հասարակության ազգայնապես անգիտակից, մտայնապես հետամնաց ու հոգեպես թմրած վիճակը, հառաջադիմական կոչվող «Մշակը», որ ոգևորված հոդվածներ է նվիրել Թիֆլիսի հայ քահանաների ապահովության խնդրին ու նրանց ապահովության գանձարանի հիմնադրությանը, էդ միևնույն թերթը հանդգնեց օրը ցերեկով դուրս գալ հայոց գրողների ապահովության խնդրի ու գրական ֆոնդի դեմ, աղաղակել, իբրև թե անվայել է և հանցավոր հայոց գրականության ապահովության մասին խոսք անելու հենց նույն էդ գրականության մեծ տոնի օրը, և իրար դեմ դրդեց դպրոցական ու գրական ֆոնդերը, դպրոցն ու գրականությունը։ Առանց քաշվելու, առանց տատամսելու, առանց մտածելու, թե դրանք իրար դեմ չեն, այլ իրար կողքի, թե էդ օրը էն օրը չի, որ կարելի լինի դուրս գալ գրականության դեմ, և առանց զգալու և հասկանալու, թե ինչքան էլ բարձր ու թանկ հիմնարկություն է դպրոցը, բայց մի տաղանդավոր գրող շատ ու շատ բան արժի իր ժողովրդի համար, և կամ թե չէ վաղը կամ մյուս օրը կգա զեմստվո, իր ձեռքր կառնի մեր դպրոցներն ու կկառավարի ժողովրդական միջոցներով, դպրոցը կդառնա և պետք է դառնա ընդհանուր պետական հոգացողության առարկա, իսկ մեր գրականությունը միշտ էլ մնալու է միմիայն մեր խնամքին։
Սակայն էն «Մշակը», որ չի ուզում Հայ գրողների ընկերության անունը տալ, մեկ էլ տեսար, հենց որ նկատեց, իր կարծիքով, մի պակասություն, իսկույն լեզվի կապերը բացվեցին։ Ենթադրենք, թե Արասխանյանի հոգեհանգիստը շքեղ չի եղել։ Իսկույն «…Հայ գրողների ընկերությունն է հանցավոր, ինչու նա չի անցել գործի գլուխ և այլն, և այլն»։ Կամ թե չէ՝ ռուսաց ուսուցչական համագումարին հայ ուսուցչությունը ներկայացուցիչ չի ուղարկել, դարձյալ առիթ է՝ որտեղից որտեղ Հայ գրողների ընկերությունը բերան առնելու։ Վերջապես չէ՞ որ Հ. Առաքելյանին բան չի կարող պակասել հայհոյելու, անվանարկելու, զրպարտելու համար։
Եվ ահա մի լավ դեպք։