վիճաբանողների ու վեհի վրա, ոչ թե ծիծաղում է ու չարախինդ ծաղրում, այլ հենց ինքն է արդարացնում նրանց, թե այո՛, խնդիրներ կան, որոնց վրա ինչքան էլ վիճեք, չի կարելի գալ վերջնական որոշման, թատրոնի խնդիրն էդ խնդիրներից է, և սակայն էդ եզրակացության չհասնելն էլ շատ բան է ասում։
Հենց էդ տեսակ խնդիրներից է և «Բանակռիվը մամուլի մեջ» խնդիրը, և Հայ գրողների ընկերության մեջ էլ չէր կարելի գալ մի վերջնական եզրակացության, բայց, ավա՜ղ, էն տեսակ մարդիկ չեն ոչ հայ թերթի խմբագիրը, ոչ իր աշխատակից նորեկ գրողները։
Պստլիկ, մանր մարդիկ են, ամբողջովին կազմված մաղձից ու չնչին կրքերից։ Եվ ահա դրա կատարելատիպը՝ մի Հ. Առաքելյան։ Ինչի մասին ուզում է խոսի, միշտ չարություն ու ետին մտքեր։ Եվ երբեք էն չի ասում, ինչից որ խոսում է, այլ միշտ ուրիշ բան։
Եթե մի լավ բան էլ ասում է, օրինակ՝ դպրոցական ֆոնդի կողմն է խոսում, պիտի գիտենաք, որ դարդը դպրոցական ֆոնդը չի…
Եթե ցավելով աղաղակում է, թե ինչու Արասխանյանի հոգեհանգիստը անշուք անցավ, պետք է իմանաք, որ դարդը իսկի Արասխանյանի հոգեհանգիստը չի…
Եթե հարուստների դեմ առաջնորդողներ է գրում, պետք է իմանաք, որ իսկի հարուստների դեմ չի… Եթե գրում է, թե դաշնակցության գործով տուժածների ու հեռացածների համար պետք է դիմում անել, չպետք է կարծել, թե նրանց մասին է մտածում…
Եթե հանգ<ուցյալ> Քալանթարի հիշատակը հավերժացնելու համար տուն է ուզում, իսկի Քալանթարի հիշատակը չի նրան հետաքրքրում…
Վերջապես էսօր էլ եթե վեր է կացել խոսում մատաղ սերնդի բարոյականությունից, բնավ մատաղ սերնդի բարոյականության ու անբարոյականության խնդիրը չի նրան խոսեցնում, և մի մտածեք, թե նա էն կարծիքին է, իբրև թե