Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/130

Այս էջը հաստատված է

Փառք ու պարծանք մեր նախնիքներին, որ աշխարհավեր հեղեղների դիմագրավելով հանդերձ, մեզ համար էսքան շքեղ ժառանգություն են թողել, և փառք ու պարծանք գիտության մարդկանց ու հատկապես պարոն Թորամանյանին, որ մեր ազգի մեծությունը ավերակների միջից հանելով՝ ոչ միայն օտարների առջև, այլև մեր աչքում դարձնում են մեզ մեծ ու հարգելի։


ԴՈԿՈՒՄԵՆՏՆԵՐԸ

Մի անգամ էլ Հ. Առաքելյանը փորձեց հարձակվել Հայ գրողների ընկերության վրա («Մշակ», № 11, առաջնորդող)։ Էս անգամ էլ ճգնեց հասարակությանը հավատացնել իբրև թե ընկերությունը իր գրական երեկույթներով անբարոյականացնում է մեր մատաղ սերունդը ետին նպատակներով։ Ես, որքան իմ պաշտոնից, ավելի շատ դեպի ընկերությունն ունեցած սիրուց դրդված, ստիպված էի դարձյալ մի անգամ դուրս գալու «Մշակի» և իր խմբագրի դեմ։ Եվ, ինչպես սովորաբար պատահում է Հ. Առաքելյանի հետ վիճելիս, խնդիրը գնաց ուրիշ տեղ։

Հ. Առաքելյանը, ըստ իր սովորության, կանգնած տեղից խուսափեց, Հայ գրողների ընկերության երեկույթները թողեց ու, Խաչի գյուղացի Վարդան Տեր-Գրիգորյանի հետ դաշն կապած, մեջտեղ հանեց իմ եղբոր ու Մարցա կալվածների վայրիվերո պատմությունը, էնտեղից էլ ընկավ մի ուրիշ տեղ ու ինչ-որ դոկումենտների սպառնալիք արավ ինձ։

Հիմի էլ էս կողմը պետք է գնանք։ Շատ լավ։ Ես ամեն հողի վրա պատրաստ կանգնած եմ էս մարդու դեմ և ոչ մի տեղ սրան չեմ հանդուրժելու։

Իմ ծանոթ ու անծանոթ բարեկամները նրա վերջին հայհոյանքների առիթով ինձ հայտնում են իրենց զգացմունքները և խորհուրդ են տալիս չիջնելու, վեճի չմտնել էս մարդու հետ։ Բայց ես, իմ սրտագին շնորհակալությունը հայտնելով հանդերձ, համաձայն չեմ նրանց հետ։