Եվ վա՛յ էն ժողովրդին, որի բարքն ընկած է։ Նրան փրկություն չկա։ Պարզ էդպես է ցույց տալիս մեր առջևը բացված ազգերի պատմությունը։ Սրա համար էլ եթե մի հասարակության մեջ վատ բարքեր են հայտնվում, որպես բարոյական անկման ախտանշաններ, նա պետք է կռվի դրանց դեմ և իր բարոյական առողջության վրա էլ հոգ տանի էնպես, ինչպես հոգ է տանելու իր ֆիզիկական առողջության վրա։ Մեզանում, դժբախտաբար, բարոյականություն ու անբարոյականություն ասելիս՝ սեռական մտքով են հասկանում, առանց մտածելու, թե հենց էդտեղ է, որ ամենից քիչ իրավունք ունին խառնվելու, իսկ հաճախ բոլորովին իրավունք չունեն։ Եվ սովորաբար տեսնում ենք, թե ինչպես մեր հասարակությունը «անբարոյական» անվանելով հալածում է էս կամ էն անմեղ սիրահարներին, մինչդեռ մյուս կողմը, մի ուրիշը, որ քառասուն տարի առաջ հրապարակ է մտել իր ընտրած «էսպիոն» (շպիոն, լրտես) կեղծ անունով և հազար ու մի կեղծ անուն փոխելով կատարել է հազար ու մի կեղծիքներ, շարունակ սուտ է սերմանել ու կռիվ է տարածել, քառասուն տարուց հետո էլ դեռ շարունակելով նույն ընթացքը, հանդգնում է հարգանք պահանջել հասարակությունից։
Այժմ, կարծում եմ, փոքր ի շատե պարզվեց, թե ինչու եմ ես պարբերաբար հայտնվում Հ. Առաքելյանի դեմ, և երբեմն շատերն էլ նրա հետ միասին զարմանք են հայտնում, թե նա ինձ ի՞նչ արավ, որ ես վեր կացա նրա դեմ ու ինքն էլ չքմեղորեն բացականչում է, թե ես երբեք նախահարձակ չեմ եղել Թումանյանի վրա։ Այո՛, ճշմարիտ է, ինձ վրա գուցե երբեք նախահարձակ չի եղել նա և անձամբ ինձ ոչինչ չի արել, բայց միշտ հայհոյել է, վատաբանել ու չարախոսել ամեն բան, ինչ որ սիրել եմ ես և կյանքում թանկ է եղել ինձ համար։
Եվ ահա էսօր էլ, երկու տարի է բացարձակ կռվի է վեր կացել Հայ գրողների ընկերության դեմ և, իր տարերքին հավատարիմ, ընկերության գործունեության մասին իր դժբախտ