կարելի է մի կողմը թողնել և ոչ իբրև մարդի։
«Հորիզոնի» անցած համարում հիշած «Նոր-Դարի» ու «Մշակի» հոդվածները Հ. Առաքելյանի վաշխառության մասին չեն միայն խոսում, այլ գանգատվում են նաև նրա սուտ խոսելու սովորության դեմ։ Բայց ինչ եմ ասում, ամբողջ հայոց մամուլը դուք առեք, որ թվականը և որ թերթը կուզեք, անդադար բողոք ու հերքում, բողոք ու հերքում, թե Հ. Առաքելյանը սուտ է ասում։ Եվ ի՞նչպես է անում։ Առաջ սուտը գրում է։ Մի քանի օրից հետո գրում է՝ «ինչպես հայտնի է…», իսկ սրանից հետո էլ՝ «ինչպես արդեն ամենքը գիտեն…»։ Իբրև թե արդեն հաստատ իրողություն է։
Սուտը բռնած ժամանակն էլ սկսում է հայհոյել, ու էսպես անվերջ կռիվ սրա հետ, նրա հետ, սրա հետ նրա հետ։ Քառասուն տարի նրա ստերի դեմ հերքում, նրա զրպարտությունների դեմ արդարացում, նրա հայհոյանքի դեմ զայրույթ, ու վերջ չկա։ Վերջն էլ էն է, որ վեր է կացել ու էսօր հարգանք է պահանջում հասարակությունից։ Ես սոսկում եմ մտածելով, թե որքան անարգանք կա մեր հասարակությանը էս հարգանքի պահանջի մեջ։ Սա հիշեցնում է Սախալինի էն մարդ հրեշներին, որոնք աքսորականներին ծեծում են մինչև մահ ու ասում են՝ ձեռքս պաչիր, որ քեզ ծեծեցի, և պաչում են մարդկային արժանապատվության զզացմունքը կորցրած թշվառականները։ Հ. Առաքելյանն էլ գիտե, որ մեր աշխարհքում էլ մարդիկ կան, որոնք տարիներով իրեն ստերն ու հայհոյանքները փողով առնելուց ու կարդալուց հետո դեռ իրեն հարգանք էլ կարող են ցույց տալ։ Սրա համար է, որ ասում եմ, թե սա մենակ չի, մի ընկած մարդի խնդիր չի, այլ հասարակական ընկած բարքի խնդիր է։ Եվ մեծ խնդիր է։
Զարհուրելի է անկման էս աստիճանը։ Սա բարոյական մի սոսկալի ցեխ է, որի մեջ այլևս առաջ գնալն անկարելի է ապրել, շնչելն անկարելի է, ուր մնաց ոգևորվելն ու երգելը, ինչպես խորհուրդ են տալիս ինձ իմ բարեկամները։ Անկարելի է էս տեսակ ճտահար ցեխի մեջ՝ գորտի նման աչքերը