Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/138

Այս էջը հաստատված է

Համբարձում Առաքելյանը ինքն է համարձակվում դատել ու դատապարտել մարդկանց, այժմ էլ ինձ, ոչ ինչպես բանաստեղծի, այլ ինչպես մարդի։

Երկար տարիների կռվից հետո բանաստեղծն ազատվեց բերաններից, այժմ էլ՝ մարդը։

Լավ։ Այժմ էլ ինչպես մարդ։

Սպասում եմ:

Իսկ առայժմ հրապարակով հայտարարում եմ և խնդրում, որ ով մի որևէ ժողովի կհրավիրի Հ. Առաքելյանին, ինձ հրավիրելու նեղություն չկրի։ Ներկայումս գոյություն ունեցող խորհրդակցություններին էլ, ուր նա կա, դադարում եմ մասնակցելուց շատ հարգելի պատճառներով, որոնց մասին մի ուրիշ անգամ։


Պ<ԱՐՈՆ> ԻԲՈՅԻՆ

«Մշակի» վերջին №-ում պարոն Իբոն Աշխաբադից հայտնում է, թե Հ. Առաքելյանի հայր հանգ<ուցյալ> Աստվածատուրը լավ մարդ է եղել և անձնական հակառակությունը չի շփոթել հասարակական գործունեության հետ, և չի կարծում, որ նա էն բացասական հատկություններն ունենար, որ մատնանշել եմ ես։

Թեև ես չեմ սիրում, երբ մարդիկ կեղծ անունով են գրում, բայց որովհետև պարոն Իբոն լավության մասին է խոսում, արժե նրա հետ խոսել։

Պետք է պարոն Իբոյին ասեմ, որ ես երբեք չեմ էլ մտածել, թե Հ. Առաքելյանը հայր է ունեցել և կամ թե նրա հայրը էս տեսակ կամ էն տեսակ մարդ է եղել։ Վերջերս, երբ Գրողների ընկ<երության> շուրջը եղած պայքարի ժամանակ Հ. Առաքելյանը, իրեն ուղղած հարցերն ու արած նկատողությունները մի կողմ թողած, առաջ քաշեց իմ եղբոր վեճը, էդ ժամանակ մեր ընդհանուր ծանոթներից շատերը, հատկապես ղարաբաղցի ու պարսկաստանցի մարդիկ, հիշեցին նրա