Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/139

Այս էջը հաստատված է

հորը և մինչև անգամ նրա և որդու մասին եղած նկատողությունները «Նոր-Դարի» ու Արծրունու «Մշակի» մեջ։ Ես էլ նրան ցույց տալու համար, թե մարդիկ պատասխանատու չեն իրենց հարազատների գործերի համար, մատնանշեցի իր հոր մասին լսածս ու կարդացածս՝ ասելով, որ ինքը հո պատասխանատու չի կարող լինել իր հոր տեղակ և, հետևաբար, ավելորդ է մեջ բերում իմ եղբոր վեճը։ Գուցե անհաջող օրինակ է, էդ ուրիշ բան, բայց հետևողական է և տրամաբանական, և ինձանից ոչինչ չեմ հնարել։ Եվ եթե, ինչպես պարոն Իբոն ասում է, նա լավ մարդ է եղել, էն ժամանակ ցավում եմ, որ նրա մասին վատ ու սուտ բաներ են գրել ու տարածել (մի սովորություն, որ ունի իր որդին), ու ես էլ առաջ եմ բերել։ Եվ եթե նա անձնականը իմացել է ջոկել հասարակականից, զարմանում եմ ինչպես է, որ գոնե մի քիչ էլ իր որդուն չի սովորեցրել էդպես վարվելու։ Բայց չէ որ էդ դատողություն անողը պետք է անի առաջ իմ եղբոր վերաբերությամբ, չէ որ նա էլ կարող է և լավ մարդ լինել և արդար։ Եվ չէ որ առաջ նրան են առաջ քաշել իմ դեմ։ Եվ չէ որ, եթե ես առաջ եմ քաշել նրա հոր մասին լսածս ու կարդացածս, առաջ եմ քաշել միանգամայն տարբեր մտքով։

Ամեն դեպքում էլ ես անպայման շատ ուրախ կլինեմ, որ նա լավ մարդ լինի եղած, և ավելի շատ ուրախ կլինեի, որ նրա որդի Հ. Առաքելյանն էլ լավ մարդ լիներ կամ ինձ համոզեին, թե լավ մարդ է, միայն ես եմ սխալ հասկանում։

Սակայն պարոն Իբոն էդ ազնիվ զգացմունքը հայտնելով հանդերձ, լրագիրը լավ չի կարդում։ Եթե նա լավ կարդար «Մշակը», կտեսներ, որ նրա մեջ միշտ ամենայն հարգանքով տեղեկություններ են տալիս թե ռուս, վրացի, թուրք այսինչ կամ այնինչ բանաստեղծը հիվանդ է կամ առողջ, եկավ կամ գնաց, էնտեղ հենց նույն №-ում, թե վրաց բանաստեղծ Եվդոշվիլին գնաց Սուխում կամ Սուխումում լավ է… Էդ նույն լրագիրը հայհոյանքից ու զրպարտությունից զատ ուրիշ բան չի տվել հայ բանաստեղծին, շարունակ տեղեկություններ եմ ստացել նրա թղթակիցներից, թե մեր թղթակցությունների