են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը։
Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ։
Բայց ինչպես ամեն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգևորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը։
Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պարոն Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով։
Էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մեզ համար, հայերիս համար, պետք է խոստովանենք մենք։
Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ գրողների ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության առաջ պետք է պարզի ու լուսաբանի պարոն Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով։
Թող գան հայերը, տեսնեն ու համոզվեն, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան։
Արդյոք մի որևէ ձևով վճռվե՞ց հայկական հարցը։ Արդյոք վերացա՞վ տաճկահայոց ամբողջ կյանքի ու մեր հոգու