Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/145

Այս էջը հաստատված է

Արդեն ունեցանք վրացական գրական-երաժշտական երեկույթ և դարձյալ կունենանք առաջիկայում։ Այժմ էլ ահա պարսկական գրական-երաժշտական երեկույթի շարունակությունն է, որ ունենք էսօր։

Եվ եկող սեզոնին մյուս երկիրների հետ, նորից կվերադառնանք Պարսկաստան, որ էնքան հարուստ է, և որի ազդեցությունը շատ է մեծ մեր կյանքի, լեզվի, պատմության, գրականության ու ամեն տեսակի ստեղծագործությունների վրա։

Բայց, դժբախտաբար, շատ քիչ են նույնիսկ մեր կյանքին, մեր պատմությանը, գրականությանն ու գեղարվեստին հմուտ մարդիկ, ուր մնաց հարևան ազգերին, օտարներին ու նրանց ունեցածին։

Իսկ էս տեսակ մարդը շատ է կարևոր ու շատ է թանկ։ Նա մի խոսքով, մի զարկով, մի երգով ամբողջ աշխարհքներ է բաց անում ունկնդիր հասարակության առջև։ Եվ ահա էսօր էս տեսակ մի հազվագյուտ մարդու մասին է իմ խոսքը։

Էն ժամանակ, երբ Արևելքից ու Պարսկաստանից ենք խոսում, Ֆիրդուսու, Հաֆիզի, Սաադի<ի>, Օմար Խայամի, Նիզամիի և նման հսկաների վրա ենք զրույց անում, մեր առջև հայտնվում են Ս․ Օգանեզաշվիլին իր մելամաղձոտ քյամանչով, արևելյան մաքուր ու հարազատ երաժշտությունով, եթերային նվագով և մի վեհ ու վսեմ ներդաշնակությամբ իրար են խառնվում, իրար լրացնում ու իրար բաց անում Չարգյահն ու Ֆիրդուսին, Հաֆիզն ու Ռաստը, Մահուրին ու Օմար Խայամը…

Գերազանցորեն շքեղ ու շռայլ մի հոգեկան վայելք ամեն մի արևելցու համար։

Վերջին պարսկական գրական երեկույթին, բնականաբար, երաժշտությունն էնքան մեծ տեղ էր բռնում, և նշանավոր երգիչներն ու նվագողներն էնքան շատ էին, որ դասախոսությունը ընկավ էսօր։ Երեկույթին ներկա գտնվող իրենց երաժշտությանը քաջահմուտ ինտելիգենտ պարսիկ իշխանները քննադատում կամ գովում էին մեկին ու մյուսին։