փառքը, ոչ գոռոզ ինքնավստահությունով լիքը հանգիստը, ոչ խավար անցյալի նվիրական ավանդները ուրախության ոչ մի զգացմունք չեն շարժում իր մեջ։ Իսկ էն «տարօրինակ» սերը, որով սիրում էր, և որը չէր մկրտում ոչ մի անունով, սակայն շռայլորեն փռում էր իր երկերում ու երգերում, ոչ հասկացող կար, ոչ գնահատող։ Կյանքի ասպարեզը բռնած էին կամ ոչնչությունները և կամ նրանք, որոնց մասին ասում է՝ «իրենց սրիկայի սիրտը ծածկած էին մունդիրով»։ Հասկացող, գնահատող հասարակություն չկար, և «տարօրինակին» հազարավոր աչքերով հետապնդում, հազարավոր ձեռքերով մերժում, քշում էին իրենց շրջանից։ Մի շրջան, որից Պուշկինն ուզում էր մինչև Չինաստան մին փախչի, որից զզված Գրիբոյեդովը Պարսկաստան ընկավ…
Էս ամենի վրա ավելացավ և էն ամենամեծ վիշտը, որ Լերմոնտովը ունեցավ իր կյանքում։ Նա պաշտում էր Պուշկինին, և տեսավ Պուշկինին… բամբասված ու գնդակահար։ Որոտաց մի հրաթափ, մի անուն զայրույթով, որի անունն է «На смерть Пушкина», ամբողջ Ռուսաստանի երեսին նախատինքի ու դատապարտության էն տեսակ խոսքեր շպրտեց, որ մինչև էդ օրը Ռուսաստանը դեռ չէր լսել, ու սրանով ամեն բան լրացավ։
Պետք է հեռանար։
Հեռացավ՝ մնաս բարով ասելով «տերերի ու ստրուկների Ռուսաստանին, կապույտ մունդիրներին ու նրանց նվիրված ժողովրդին։ Գուցե, ասավ, էնտեղ, Կովկասի սարերի ետևը կարողանամ ծածկվել քո (ժողովրդի) ղեկավարների ամենատես աչքերից ու ամենալուր ականջներից»։
Էսպես ժամանակը, երբ իրեն շրջապատող ամեն բան ընկած է մարդու աչքից ու սրտից, հիսաթափված մարդը կյանքի մեջ մի նեցուկ, մի ապավեն է որոնում ու նրան է փարում, նրան է փաթաթվում իր բոլոր հույսերով ու սիրով։ Կովկասը էդ ապավենն ու մխիթարանքը եղավ Պուշկինի ու Լերմոնտովի համար։ Եվ երբ նրանք իրենց ժամանակի ռուսական կյանքի ու իրենց հիասթափության անապատից քշված,