Այժմ մենք մտնում ենք մի նոր դարաշրջան, նոր արշալույս ենք ողջունում, հետզհետե իրար ետևից լսվում ու ավելի բարձր են հնչում ժողովուրդների ձայները և որպես նոր ժամանակի նշանաբանը, Հաշտեյնի բանակցություններից հետո Ալեքսանդր III կայսրը ասավ իր նշանավոր խոսքը, թե՝ «անցել է դինաստիաների շահերի պոլիտիկան, այժմ պետք է ղեկավարվել ժողովուրդնեիի շահերի պոլիտիկայով»։
Եվ ահա էն նոր խաչը, որ փայլատակում է մեր ժամանակի հորիզոնի վրա, վրեն դրոշմած՝ «Սրանով կհաղթես»։
Այժմ առանց սրան անկարելի է ի մի բերել ժողովուրդներն ու ոգևորել, մի առողջ ամբողջություն, մի անխորտակելի ուժ կազմակերպել և թե՛ արտաքին հաղթանակն ապահովել, թե՛ ներքին խաղաղությունը։
Ներկա մեծ պատերազմում էս նոր խաչն են իրենց նշանաբան արել Ռուսաստանը, Անգլիան ու Ֆրանսիան։ Սրանով էլ ուժեղ կլինեն ու կհաղթեն անկասկած։ Եվ սա է էն ճանապարհը, որ տանում է դեպի հետևյալ սրբազան արշալույսը, դեպի ազգերի ու ժողովուրդների խաղաղ եղբայրությունը։
Թե՛ համամարդկային, թե՛ ազգային կյանքի էս ահավոր մոմենտին Հ․ Առաքելյանով ու նրա «Մշակի» № 232-ի «Մի բացատրությունով» զբաղվելը համարելով միանգամայն անկարելի, ես հավատում եմ սակայն, որ կգա մի օր, երբ բաց հրապարակ կելնի ճշմարտությունը և մի անգամ ընդմիշտ անհերքելի կհայտնվի, թե ինչ հրեշավոր պատմություն է էս իբրև թե մասնավոր աղմուկը, թե ինչ է եղել գործի իսկական աստառը, թե ինչու և ինչ տեղեր ես չեմ հանդուրժել Հ. Առաքելյանին, և նա դրա համար ինչ կողմնակի միջոցների ու զրպարտությունների է դիմել իմ դեմ, ինչ մարդկանց է ձեռքին գործիք շինել, և էդ ամենը որտեղից ուր են հասել և ինչ հետևանք են ունեցել։ Նրանից հետո պարզ կլինի,