ափերի առջև հայտնվեցին նոր-եվրոպական քրդերը՝ գերմանացիները, նույն քրդական ավազակային ձևով։ Այո՛, ժամանակն էնպես է բերել, որ մեծ բանաստեղծների ու մեծ փիլիսոփաների հայրենիք Գերմանիան, մեծ գիտնականների ու մեծ մանկավարժների հայրենիք Գերմանիան, գնում է քրդի ճանապարհով։ Մենք էլ նրան կընդունենք որպես քրդի և մեր ընդհանուր հայրենիքի, հզոր Ռուսաստանի հետ միասին ու միասիրտ վեր կկենանք ամեն տեսակի մեծ ու փոքր, խավար ու լուսավոր քրդերի դեմ՝ էն արդար դատի ու մեծ գործի համար, որի համար իրենց սրերը մերկացրել են Եվրոպայի լավագույն ժողովուրդները։
Ամենից առաջ էն մեծ գործի համար, նրանից հետո մեր գործի համար։ Չէ՞ որ ինչպես շատ ու շատ հարցերի լուծումը կախված է Եռյակ Համաձայնության հաղթանակից, էնպես էլ մեր հարցի լուծումը կախված է նրանց և մասնավորապես ռուսական զենքի հաջողությունից։ Մեր ապագան արդեն կապված է Ռուսաստանի հետ, և բարեբախտություն է, որ մեր ապագան կապված է մի ժողովրդի հետ, որ մեծ ու պայծառ ապագա ունի։ Թուրքահայերի ազգային ինքնուրույն գոյությունը իրականություն պետք է դառնա ու զարգանա Ռուսաստանի ձեռքով։ Ռուսաստանի ձեռքով են կյանքի կոչվել ու շնչի եկել էն բոլոր ժողովուրդները, որոնց համար Տաճկաստանը հոր էր փորել, կենդանի-կենդանի ածել մեջը ու վրեն նստել ծանր ու դաժան։
Որ օրը ռուսական զորքերը անցան հայկական լեռները, էն օրվանից էլ հայ գաղթականների փախստական շարքեր չեն անցնելու էն լեռներից դեպի օտարություն։ Որ հայկական շրջանը նրանք մտան, հավիտյան վերանալու են կոտորածն ու կոտորածի սարսափը, որ սահմանի էն կողմը մաշում ու սպառում է մեզ, էս կողմը տանում ու կլանում մեր ամբողջ ուժն ու եռանդը։
Պետք է ամբողջանա ու առողջանա դարերով ծվատված հայ ժողովուրդը, հին կուլտուրական ժողովուրդը, ընդունակ ու վերածնվող ժողովուրդը։