Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/166

Այս էջը հաստատված է

մեզանում մեր հոյակապ ժողովրդական երգիչը։

Այս ոգևորության հետևանքներից մինն էլ այն եղավ, որ սպառվեց հանգ<ուցյալ> Գևորգ Ախվերդյանի 1852 թվին տպած ու մինչև այդ օրերը անվաճառ մնացած՝ Սայաթ-Նովայի գիրքը և առաջ եկավ նոր հրատարակության անհրաժեշտությունը։ Հայ գրողների ընկերությունը որոշեց անել այդ նոր հրատարակությունը, բայց անել, ինչքան առայժմ կարելի է, լրիվ, և հանգ<ուցյալ> Ախվերդյանի գրած երգերին ավելացրեց Սայաթ-Նովայի Պետերբուրգի Կայս<րական> գրադարանի ձեռագրից հանած մի քանի երգերը, որ քաղել է պարոն Գ. Աստվածատրյանը, և տպված են «Ազգագր<ական> հանդեսի» X գրքում։

Այս հրատարակությունից հանած է Թիֆլիսի քերականությունը, որ միանգամայն ավելորդ է մի ժողովրդական հրատարակության մեջ, սակայն գիրքը պատկերազարդած է Սայաթ-Նովայի մահարձանի նկարով և դրած է իբրև ֆաքսիմիլե երեք էջ Սայաթ-Նովայի այն երգարանից, որ համարվում է իր ձեռագիրը և պահվում էր իր թոռների մոտ, իսկ այժմ Գրողների ընկերության սեփականությունն է։

Ժողովրդի լայն խավերին մատչելի անելու համար Ընկերությունը որոշեց այս տպագրության գինը նշանակել էժան, ավելի էժան, քան թե նստում է իրեն՝ Ընկերությանը։