Թեև դեռ շարունակվում է պատերազմը, բայց Ալաշկերտի հայ ժողովուրդը, որ հեռացել էր ռուսաց զորքի նահանջի ժամանակ, նորից ռուսաց զորքի հետ վերադառնում է իր տեղը՝ Եփրատի հովիտը։
Էսպես է եղել ռուս-տաճկական և ռուս-պարսկական բոլոր պատերազմների ժամանակ։ Հայ ժողովուրդը միշտ ետ ու առաջ է խաղացել ռուս զորքի հետ միասին, ինչպես և պարսիկ, քուրդ ու թուրք ժողովուրդը պարսիկ ու թուրք զորքի հետ միասին։ Քանի ռուս զորքը հաջողություն է ունեցել ու առաջ է անցել, էնքան էլ ետ է գնացել պարսիկ, քուրդ ու թուրք տարրը Հայաստանի հողի վրա և տեղի է տվել հայ ժողովրդին։ Սա մի հանգամանք է, որ պետք է լավ իմանանք միանգամ ընդմիշտ։
Էսպեսով է կարողացել և էսօր էլ էսպեսով է կարողանում մեր ջախջախված, ցաք ու ցրիվ եղած ժողովուրդը հանգիստ նստելու տեղ գտնի իր հայրենիքում։ Էսպեսով էր, որ Արարատյան դաշտում, Արաքսի հովիտում, որ ռուսներից առաջ գրեթե ամբողջովին պարսկաբնակ էր, առաջ եկավ, ստեղծվեց և էսօր նստած է մի հոծ հայ զանգված։
Նույնը պետք է լինի և Եփրատի կամ Ալաշկերտի հովիտում։ Էդ երկու հովիտները, Արաքսի ու Եփրատի հովիտները, մեր սրբազան հովիտներն են։
Մեկը մեր Մայր Գետն է, մյուը մեր Սրբազան Գետը։ Մեկի հովիտում մեր անցյալ քաղաքական կյանքն է զարգացել ու անցել, մյուսի հովիտում մեր հին ու նոր կրոններն են ծաղկել, մեր ազգային սրբությունները, մեր ազգային դպրություն-գրականությունը։
Էջմիածնից թերևս ավելի հեշտ լինի դուրս անել հայ ժողովրդին, քան թե Արաքսի ու Եփրատի հովիտներից։
Ահա էսօր էլ մեր աչքի առջև տեսնում ենք, թե ինչպես մերթ ռուս զորքի հետ հայն է առաջ շարժվում ու լցվում Արևելյան Եփրատի կամ Արածանու հովիտը, Ալաշկերտի