Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/169

Այս էջը հաստատված է

շրջանը, մերթ թուրքն ու քուրդն են լցվում թուրք զորքի հետ միասին։ Եվ հենց էս րոպեին, երբ գրում եմ էս տողերը, թուրք բանակն ու քրդական ալայները, որ մի քանի օր առաջ գազանաբար հոշոտեցին Զեթկանի, Մոլլա Սուլեյմանի, Խաստուրի և այլ գյուղերի իրենց ձեռքն անցած հայ ժողովրդին, ռուս զորքի առջև նորից ետ քաշված՝ երախներն արյունոտ, Ղլիջ-Գյադուկի բարձրությունները բռնած, նորից հառել են իրենց արյունակալած աչքերը ներքև, Եփրատի հովիտի վրա։ Էն հովիտի վրա, ուր հեթանոս հայը Վարդավառ ու Ծաղկազարդ պաշտել է իր Անահիտն ու Աստղիկը, իր Արամազդն ու Վահագնը։ Էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը իր Մեծ Տրդատի հետ միասին մկրտվել է Արածանու սուրբ ջրերում, քրիստոնեություն է ընդունել, ու իր մկրտության տեղը տաճար է կանգնել, ճակատին դրոշմել. Ով կընկնի էս վեմի վրա՝ կջախջախվի, իսկ ում վրա սա կընկնի՝ կհոսի ջրի պես։ Էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը դարերով ճակատ-ճակատի է զարկել հին Պարսկաստանի ու Արևելքի բոլոր աշխարհակալների հետ։ Էն հովիտի վրա, ուր փռված է Ձիրավի դաշտը, որի վրա էնքան ու էնքան հաղթանակներով խոյացել են Արշակունիները, Բագրատունիները, Մամիկոնյաններն ու Արծրունիները։ Էն հովիտի վրա, որին շրջապատել են Ծաղկանց լեռները, Բարթողի շղթան, Նպատն ու Սուկավետը, որի վրա, իր ալևոր գլուխը մինչև երկինք բարձրացրած, հսկում է Ազատ Մասիսը։

Էն հովիտը շարունակ լցվել է հայի արյունով ու արտասուքով, ավերակով ու դիակով։ 1878 թվին էլ եղած հոծ հայությունը դուրս եկավ, գաղթեց ռուս զորքի հետ և միայն մի մասը նորից ետ դարձավ։ Էդ մի մասն էլ էսօր է հոշոտվում, դիակները դեռ չեն թաղված, կենդանի մնացածների գլխին էլ դեռ ոռնում են Ղլիջ-Գյադուկից քուրդն ու իր գնդակը, բայց դարձյալ՝ դեպի էն հովիտը… Անդիմադրելի դեպի էն հովիտն են ձգտում մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգիները։ Էնտեղ են մեզ համար էն ամենը, ինչ որ մի ժողովրդի