Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/175

Այս էջը հաստատված է

ընտիր անհատներն ու ազգերը լավ մարդն ու լավ կյանքը ստեղծելու համար։ Եվ անհատը կամ ազգը ինչքան ազնիվ է՝ էնքան էլ շատ է նախանձախնդիր հառաջադիմության ճանապարհը շուտով բռնելու և, էնքան էլ ուժեղ թափով ու սրտով է շարժվում էդ աստվածային գործը կատարելու։

Սակայն ամեն հառաջադիմություն պայմանավորվում է ինքնուրույն քայլեր անելու, ունեցած լավագույն ձիրքերը մշակելու և լավագույն զգացմունքները զարգացնելու ազատության պայմանով։ Մի ժողովուրդ, որ կլանված լինի իր գլխապահության հասարակ խնդրով, ինչպես մեր ժողովուրդն է եղել, կլանված ասիական բռնակալությունների տակ «կյանքի, գույքի ու պատվի» մշտական բռնաբարումի խնդրով, էլ նա ի՞նչպես կարող է մասնակից լինել մարդկության ընդհանուր հառաջադիմության գործին։ Մեր կյանքը դժոխք են դարձրել նրանք, մեզ համար մարդուն անվայել ստոր վիճակ են ստեղծել ու ստոր խնդիրներ, մեր ուշքն ու միտքն էլ հետը ցած տարել։ Դառնացրել են մեր հոգին, նրա մեջ զարգացրել են վրեժի ու թշնամության զգացմունքները, ստիպել են երգել «Արյան երգեր», և մեր լավագույն մարդիկն էլ չեն կարողացել դուրս գան մեր իրականության անձուկ ու արյունոտ շրջանակից, հեռու նայեն ու մասնակից լինեն համաշխարհային մեծ խնդիրների մշակումին՝ գրական լինի, գիտական, թե հասարակական։

Այժմ, համաշխարհային մեծ ցնցումով, շատ ու շատ բան է հեղաշրջվում ազգերի հոգում ու կյանքում, չտեսնված մեծ պատերազմը խոստանում է չտեսնված մեծ էլ բարեփոխություններ։ Մեծ պետությունները իրենց սրերը մերկացրել են նաև հանուն ճնշված ազգերի ազատության։ Սրանով նրանք գալիս են վերացնելու էն անվերջ ու արդար խռովությունը, որ հարուցանում են հալածված ազգերը իրենց վիճակի հանգամանքով և էսպեսով էլ խռովարարների փոխարեն նրանք՝ մեծ պետությունները, ստեղծում են իրենց համար բարեկամներ ու գործակիցներ խաղաղ հառաջադիմության ասպարեզում։