Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/181

Այս էջը հաստատված է

կոտորածից ազատվածները քուրդ-տաճկական սահմաններից հարյուր հազարներով հոսանք են առել դեպի մեզ, դեպի ռուսական Հայաստան։

Մեծ է փորձությունը ու աղետն ահռելի։

Բայց մենք երեկ-մեկելօրվա ժողովուրդը չենք, առաջին անգամը չենք տեսնում էս տեսակ աղետ և, ինչ որ տեսնում ենք, անօրինակ չի մեզ համար։

Սրանից շատ ավելի մեծ աղետներ ենք տեսել, շատ ավելի մեծ տարածությունների վրա, շատ ավելի երկար ժամանակներով, շատ ավելի ծանր կորուստներով, փախչողն ու հաղթողն էլ չի իմացել թե ո՞ւր ապաստանի ու ոչ մի տեղից էլ ոչ մի օգնություն կամ օգնության հույս չենք ունեցել։ Բայց, այսուամենայնիվ, անց ենք կացրել էս ամենը։

Էսօր շատ ավելի բարեհաջող են պայմանները։ Էսօր մենք մարտնչում ենք մեր թշնամիների դեմ, մեր գաղթականն ապավեն ունի ռուսական Հայաստանում, իր եղբայրների մոտ, և սովածը այլևս իր տրեխը չի ուտում կամ իր հարազատին, էսօր մեզ հետ է ռուսական մեծ բանակն ու բովանդակ Ռուսաստանը, նրա միջոցով էլ աշխարհքի մեծագույն պետություններն ու լուսավոր ազզերը, և, համաշխարհային թոհ ու բոհի մեջ, մեր վիճակի մասին խոսք են հանում Ռուսաստանից մինչև Ամերիկա, վերջապես էն հաստատ հավատն էլ ունենք, որ ինչքան էլ կատաղի լինի թշնամու վայրագությունը՝ վերջինն է լինելու։

Էս ամենը լավ պետք է իմանա ամեն մի հայ ու միշտ հիշե, ոչ ոք հուսահատի ու վհատի խոսքեր չպետք է անի, որ հատուկ է ձախորդ վայրկենին, փորձությունը, ինչքան էլ մեծ լինի, պետք է տանենք արիությամբ ու վեր կենանք միասին, միահամուռ ուժերով դիմագրավելու մեր վատթար թշնամիներին և դարման տանենք ընդհանուր ազգային աղետին հանգիստ ու լիքը՝ մոտիկ լավագույն ապագայի անսասան հավատով։

12-145