Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/182

Այս էջը հաստատված է
ԹԱՆԿ ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Աղետալի գաղթականությունը, որ Տաճկահայաստանից գետացած եկավ ու ծովացավ Էջմիածնի շուրջը, շատ բաների հետ հանդես բերավ և մի երևույթ, թե ինչ խելագար անձնվիրության է ընդունակ հայ կինը, հայ աղջիկը։ Էջմիածնում գրեթե ամեն գործի մեջ ամենից առաջ հարկավոր էր սիրտ, սրտալի վերաբերմունք, բայց անհրաժեշտ էր մանավանդ Մանուկների ապաստարանում, որ միշտ Որբանոց կոչվեց։

Ահա էստեղ էր, մի քանի հազար կեղտոտ, մերկ, սովալլուկ ու հիվանդ երեխաների մեջ էր, որ հայտնվեցին նրանք, և թե ինչ էին անում էդ Որբանոցի մեջն ու շուրջը՝ ամեն տեսնելիս հուզմունքից կուլ էի տալիս արտասուքներս և երբե՜ք, երբեք չեմ մոռանալու ահռելի աղետի մեջ՝ սովի, տիֆի, խոլերայի և ամեն տեսակ ցավի ու տանջանքի դեմ երես-երեսի կռվի դուրս եկած էդ չքնաղ մարտիկներին։

Դրանցից ամենամոլեռանդներից մեկը եղավ օր. Սաթենիկը։

Երբ Որբանոցի գործը վերջա՛նալու վրա էր ու սեպտեմբերն էինք մտնում, ինքն էլ պիտի գնար իր վարժուհության պաշտոնին, նա տակավին աշխատում էր մնա Էջմիածին ու շարունակի գործել հիվանդանոցներում; Դիմեց դպրոց՝ արձակուրդ խնդրեց, մերժեցին։ Ինձ դիմեց, որ միջամտեմ։

Ես էլ, նկատելով, որ շատ է հոգնած, որ Որբանոցի երկու հարյուրից ավելի ծառայողներից մի քսան-երեսուն հոգի հազիվ են ազատվել հիվանդությունից ու քանիսն էլ մեռել են, չմիջամտեցի ու խորհուրդ տվի, որ մի քիչ հանգստանա։

— Ի՜նչ հանգստանալու ժամանակ է… — Ասավ ու գնաց պաշտոնից հրաժարվելու։

Մյուս օրն էլ, թե հետևյալ օրն էլ ճաշին եկավ, գրեթե ընկավ աթոռի վրա ու ծիծաղելով ասավ․

― Ճշմարիտ, որ էսօր շատ եմ հոգնած…

Մինչև ճաշի վերջը չկարողացավ նստի, ներողություն խնդրեց, կողքի մահճակալին պառկեց ու…