Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/183

Այս էջը հաստատված է

Հիվանդ էր արդեն։

Էս օրվանից ուղիղ մի ամիս է ասածս՝ և ահա թաղում ենք նրան։ Ու ես ինձ հարց եմ տալիս։

— Բայց ինչո՞վ էր նա նշանավոր, ինչո՞վ էր նա թանկ։ ինչո՞ւ է ինձ հուզում նրա մահը։

Նա թանկ էր, որովհետև էն հազվագյուտ անձնավորություններից մեկն էր, որոնք ավելի շատ ուրիշների համար են ապրում։

Չէ՞ որ աշխարհքում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար։

Եվ, ավա՜ղ, ամենից քիչը հենց սրանք են աշխարհքում։ Սրանցից՝ էս քչերից, էս թանկերից մինն էր մեր օրիորդ Սաթոն։


ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՋՄԻԱԾՆԻ ՈՐԲԱՆՈՑԻՑ

Էջմիածնի որբանոցը որբանոց չէր իսկապես, այլ մանուկների ապաստարան, որովհետև ծնող ունեցող երեխաներն էլ էին ընդունվում։ Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլված երեխաները ժամանակավոր, մինչև որ մեր քաղաքներից կհասնեին ու կտանեին նրանց։ Որբանոց չէր, ինչպես որբանոց չեն այժմյան մեր շատ որբանոցները, բայց անունը կպավ ու մնաց որբանոց։

Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ հուլիսի վերջերից սկսած, ամիս ու կիսվա ընթացքում, մինչև տասը հազար երեխա մտավ Էջմիածնի որբանոցն ու դուրս եկավ էնտեղից, իսկ մեջը մնացողների թիվը եղավ 3500։

Ես էլ նրանցից մեկն եմ, որ էս երեխաների մեջն էի, բայց երբ էսօր նստում եմ ու աշխատում եմ վերհիշել, կարծես թե նրանց՝ երեխաներին չեմ տեսել։ Չեմ տեսել, չեմ