Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/19

Այս էջը հաստատված է

Դեռ 16<-րդ> դարից, Ղրիմի թաթար խաների դեմ մղած կռիվների օրից, իր հետ ունենալով սլավոն ցեղերը, վեր է կացել Ռուսաստանը Տաճկաստանի դեմ։ Եվ քանի-քանի անգամ մահացու հարվածներ է տվել նրան։ Բայց կանոնավոր կերպով ամեն մի հաղթանակից հետո նրա դեմ են դուրս եկել եվրոպական մեծ պետությունները և կանգնեցրել են պատերազմի դաշտում.

― Ո՛չ, Տաճկաստանը պետք է ապրի և դու չպետք է զորանաս նրա հաշվին։

Թեև իրենք էս միջնորդությունների համար միշտ զորացել են Տաճկաստանի հաշվին և ռուսին տարել են մի որևէ կոնգրես կամ կոնֆերանս։

― Անատոմիա կամ ավտոնոմիա,-պահանջ է դրել Ռուսաստանը վեհաժողովներում։

― Ո՛չ, Տաճկաստանի ամբողջությունը պիտի մնա անձեռնմխելի, և ամեն մի բարենորոգում իր երկրի մեջ նորին մեծություն սուլթանի փադիշահության ներքին գործն է, և նա արդեն ազնիվ արքայական խոսք է տալիս, և ահա հրատարակում է էս ինչ կամ էն ինչ թուղթը,- վճռել են ամեն անգամ եվրոպական մեծ պետություններն ու փակել իրենց վեհաժողովները։

Ահա թե որտեղ է, ինչպես Տաճկաստանի հետ կապված ուրիշ հարցերի, էնպես էլ հայկական հարցի դժբախտության պատճառը, և ահա թե ինչու և ինչպես է ապրել Թուրքիան։

Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է։ Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ։ Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։