հեռացածներն էլ ետ վերադառնան։ Անտեղյակ է նույնիսկ էս վերջին դժբախտ գաղթականությանը, որի առիթով աղմըկում է, և չգիտի էլ, թե սա ի՜նչ զայրույթ ու ցավ պատճառեց ամբողջ հայությանը։ Չի՛ էլ իմանում, թե ինչպես էր կոչ անում ամբողջ հայ մամուլը՝ ետ վերադառնալ դեպի երկիր, և կոչ էր անում մի բազմության, որ երկար փախուստից հետո դեռ չէր կարողացել մի տեղ նստի, շունչ առնի, մի ջարդված, սոված ու հոգնած ժողովրդի, և էդ ժողովուրդն էլ տասնյակ հազարներով հորձանք տվեց ու հորձանք է տալիս ետ, դեպի հայրենիք՝ կոտորվելով, կոտորվելով…
Եվ էս համատարած դժգոհության ժամանակ, թե ո՞վ գաղթեցրեց, էս աղեկտուր կոչերի ու ճիչերի հետ՝ թե ետ վերադարձեք, էս լաց ու կոծի ու կոտորածի մեջ, էս զարհուրելի մակընթացության ու տեղատվության օրերում, հանկարծ, առաջ է գալիս հարևանդ իր խոսքով՝ Грузин-ը, իր էս տեսակ հոդվածներով…
Грузин-ը հավատացնում է, որ հայերը Անդրկովկաս են գաղթում նաև էն պատճառով, որ իրենց հայրենիքը աղքատ երկիր է, կլիման սոսկալի, բուսականությունից ու անտառից զուրկ, կենդանիները սակավ, թռչուն գրեթե չկա, և սրանց նման չկաներ։ Եվ էս վկայությունն էլ հանում է «Петроград<ские> вед<омости>» թերթից. մի օֆիցերի հոդվածից։
Իհարկե, նրա առջև կարելի էր բաց անել ու փռել տարրական աշխարհագրության դասագրքերից սկսած մինչև նորագույն երկրաբանական ու աշխարհագրական ուսումնասիրությունները և ցույց տալ, թե ինչքան է հարուստ Հայաստանի բնությունը և ինչքան ժողովուրդ կարող էր պահել նա, և կամ ինչքան է առողջ նրա կլիման, և կամ ինչքան է հարմար երկրագործության ու անասնապահության. սակայն, էդ բոլորը թողած մի կողմ, ես ուզում եմ մի ուրիշ գիրք բաց անեմ և մի ուրիշ վկայություն բերեմ նրա դեմ։
IX դարի մահմեդական ժամանակագիր և պատմաբան Ահմեդ Իբն Ֆազըհ ասում է.