Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/196

Այս էջը հաստատված է

Էն ժամանակ, ասացեք խնդրեմ, Կովկաս ասելով ի՞նչ եք հասկանում դուք։ Սիվերս, Ռեկլյու և ուրիշ գիտնականներ Կովկաս ասելով, հասկանում են Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմն ընկած երկիրները և նրա հարավային մասի, այսինքն Անդրկովկասի սահմանը դնում են Արաքսը, Մասիսը, Բարթող լեռները ու նրանցից գրեթե ուղիղ դեպի Սև ծովը։ Ուրիշ խոսքով, այժմյան ռուսաց տիրապետության սահմանները։ Էդպես է ընդունում և ռուսական պետությունը։ Եթե էդպես եք ընդունում և դուք, ապա անպատճառ պետք է իմանաք, որ էս սահմանների մեջ ընկնում են՝ Այրարատ, Շիրակ, Սյունիք, Գուգարք, որոնց վրա վիճելն անգամ մեծ ամոթ է, ուր մնաց գրելն ու պնդելը, թե հայերն էնտեղ նոր, եկվոր, երրորդ ժողովուրդ են, և կամ հայ գաղթականը էնտեղ նեղություն կտա բնիկներին՝ վրացիներին ու թուրք սակավահող ժողովրդին…

Թե վրացին սակավահող է, մենք էդ գիտենք, պաշտոնապես էլ դրված է հրապարակ, և առանց ընդհանուր սակավահողության խնդիրը նայելու, միանգամայն համաձայն ենք, որ սակավահող վրացի ժողովրդի մեջ երբեք հայ գաղթական չտանեին…

Բայց ո՞վ է տանում…

Վրացի ժողովուրդն ապրում է Թիֆլիսի և Քութայիսի նահանգներում և Բաթումի, Սուխումի ու Զաքաթալի շրջաններում։ Դեռ նկատեցեք, որ Թիֆլիսի նահանգի հարավային մասումն էլ վրացի չկա։ Եվ ասացեք, ի սեր Աստծո, ո՞ր վրացական շրջանն են հայ գաղթական տարել, էն էլ լցրել…

Չեն տարել, և չպետք է տանեն էլ։ Հայ գաղթականը պետք է իր երկիրը վերադառնա և վերադառնում է նույնիսկ էս րոպեին էլ, երբ ամեն ճանապարհի վրա նրան միայն մորթողներ են սպասում։ Եվ եթե հայկական քաղաքականություն եք որոնում, ահա՛ ձեզ հայկական քաղաքականությունը։ Հենց էն, ինչ որ դուք եք ուզում։ Եվ դեռ ավելին։ Մենք կուզենայինք, էն հայերն էլ, որ հնուց ցրված են Վրաստանում, նրանք էլ մի օր ձեզ թողնեն ձեր արգավանդ հողերն ու հովիտները, ետ գան իրենց «դաժան» հայրենիքը…