Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/197

Այս էջը հաստատված է

Էլ ի՞նչ եք ուզում։ Առանց մեզ ու մեր իղձերին, մեր ձգտումներին, մեր տառապանքներին ու մաքառումներին ծանոթ լինելու, ինչո՞ւ եք էդքան կոշտ ու կոպիտ դիպչում մեր էսքան թարմ ու խոր վերքերին՝ էդքան մոտիկ ու հարազատ ձեռքով…

Ես շատ ավելի բարձր կարծիքի եմ վրացի մարդու և վրաց ժողովրդի վերաբերությամբ, դրա համար էլ խոսքս վերջացնում եմ նրանով, ինչով սկսեցի, և մնում եմ միշտ էն կարծիքին, որ էս ամենը արդյունք են ոչ թե չարության, այլ կատարյալ անտեղեկության ու ցավալի թյուրիմացության։ Եթե մեզ մոտիկից ճանաչեին ու վերահասու լինեին ամեն անց ու դարձի, ես հավատացած եմ, որ ոչ մի ինտելիգենտ վրացի գրիչ չէր առնելու իր ձեռքը ու էս տեսակ հոդվածներ չէր գրելու։

Պարզ կտեսնեին, որ հայ գաղթականությունը մի ծանր աղետ է, ոչ թե հովանավորված քաղաքականություն։


ՆՈՐ «ԴԻՎԱՆԻ» ԱՌԻԹՈՎ

Հայոց ազգային բյուրոյի հրատարակությամբ լույս է տեսել Գյուտ ա. քահանա Աղանյանի «Դիվան հայոց պատմության» տասներեքերորդ գիրքը։

Տասներեք հատոր պատմական վավերագրեր… և դեռ դրանից ավելին էլ կազմած պատրաստ է տպագրության։ Մի շատ կարևոր ու լուրջ գործ, որ կատարում է Հ. Աղանյանը՝ իրար ետևից հրապարակ գնելով էս մեծածավալ հատորները, որոնք հանդիսանում են մեր վերջին դարերի պատմությունը թե՛ գրելու և թե՛ հասկանալու համար առատ աղբյուրներ։ Դժբախտաբար մինչև էսօր էս տեսակ գրական մի գործ մեզանում դեռ չի նկատված ու գնահատված արժանապես։ 13-145