Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ։
Եվ տեղ չկա խուսափելու։
«Հորիզոնի» նախանցյալ № 9-ում մեր խոսքը նրանով վերջացավ, թե եվրոպական պետություններից որը եղել է Ռուսաստանի ծավալման դեմ, նա դեմ է եղել և հայկական հարցին, էնպես է հայկական հարցը իր ներկա բնավորությամբ, որպես գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր, կապված Ռուսաստանի առաջխաղացության հետ։
Հաստատ կարելի է ասել՝ բոլոր հայերը գիտեն ու համոզված են, որ Գերմանիան ու Ավստրիան ավելի քան անտարբեր են եղած դեպի հայկական հարցը։ Բայց մեր մեջ հավատ կա արմատացած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամները։
Ինձ թվում է մեզ էս քաղցր մոլորության մեջ գցել են Գլադստոնի, Դիլլոնի, Բերարի, Պրեսանսեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուրքիայի վատթար կառավարության։ Իսկ իրենց պետությունները, որ միշտ եղել են Ռուսաստանի զորացման դեմ Արևելքում, դրա հետ միասին միշտ էլ դեմ են եղել հայկական հարցին։
Անցյալ դարու սկզբից Ռուսաստանը մտավ Կովկասի սահմաններն ու սկսեց իր պարսկական պատերազմները։ Էդ պատերազմները թե Գուգարք ու Սյունիք, թե Շիրակ ու Արարատյան երկրում՝ ազգային սրբազան պատերազմի նշանակություն ունին Հայերի Համար։ Վճռվում է պարսկահայկական հարցը։
Հայ ժողովուրդն ազատվում է պարսկական դժոխքից։ Հայոց հոգևորականությունը խաչը ձեռքին գնում էր ռուսաց զորքի առաջին։ Հայոց ինքնապաշտպանության խմբերը, որ կամավորներ էին կոչվում, կռվում էին ռուսաց զորքի շարքերում կամ ապահովում էին նրա ճանապարհը