Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/200

Այս էջը հաստատված է

ընտանեաց զրկեցին զմեզ և խայտառակեցին ամուսինքն մեր, և արարին կարօտ աւուրն հացի և պարենի, զի որովհետև մինչև ցայս վայր դեռ ևս կարողութեան նշոյլ երևիր ի մեզ՝ տալով պահպանէինք զգերդաստան մեր, բայց արդէն ապաւէն և յոյս մեր կտրելով յամենայն ուստեքէ… ոմն խեխտեն, ոմն կորուսանեն ի ներսերն, ոմն սպանեն…» (էջ 50)։

Մի հույս ու մի ձգտում է եղել սա, որ Ռուսաստանից առաջ էլ անորոշ ապրում էր հայ ժողովրդի սրտում ու նրան տոկունություն էր ներշնչում։ Դեռ սրանից երեք հարյուր տարի առաջ հ. Անտուան դե Գուվեա ճանապարհորդը ասում է, թե միայն էդ հույսն է, որ ապրեցնում է հայ ժողովրդին։

Շահ-Աբբասի պատերազմներից չորս տարի էր անցել, որ դե Դուվեա եվրոպացի եպիսկոպոսը մտավ ու ճանապարհորդեց Հայաստան։ Ինչպես ականատես ու ականջալուր՝ նա պատմում ու նկարագրում է, թե ինչպես էին պարսիկներն ու թուրքերը քանդել հայկական նահանգները։ Միայն Երևանի շրջանում 1500-ից ավելի գյուղ ու ավան էին ավերել, իսկ ժողովրդին կամ կոտորել, կամ գերել։ Ասում է՝ տղամարդկանց կոտորեցին, գեղեցիկ աղջիկներին ու կանանց բաժանեցին իրենց մեջ և, իրենց անարգ ցանկություններին հագուրդ տալուց հետո, վաճառեցին կամ զետեղեցին հասարակաց տներում, որ իրենց համար փող աշխատեն։ Էս կանանց ու աղջիկների թիվը դե Գուվեան նշանակում է հարյուր հազար։ Եվ էս վիճակին ենթարկվեց ոչ միայն Արարատյան երկիրը, այլև էսօրվան թշվառ Վասպուրականը և առհասարակ գրեթե ամբողջ Հայաստանը։ Սովի սաստկությունից, ասում է, սովորական բան դարձավ մեռածներին ուտելը, նույնիսկ հարազատներին, ապա թե շուտով անցան կենդանի մարդկանց, և շատ դեպքեր եղան, երբ հարազատը կերավ իր հարազատին (Эзов. «Сношения Петра Великого с армянским народом». Прилож. թարգմանությունը 1899 թ. «Լումա» հանդիսում)։

Էսպես բաներ պատմելուց հետո ասում է՝ կարելի էր սրանց շատ բան ավելացնել, բայց լռում եմ… Ապա թե հայ